Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահն ընդունեց Հադրութի շրջվարչակազմի պատասխանատուներին

06 Մայիս, 2022 20:50
ԱՀ նախագահն ընդունեց  Հադրութի շրջվարչակազմի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների, որոնք ստեղծված իրավիճակում շարունակում են կատարել իրենց գործառույթները:  Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, քննարկվել են ԱՀ բռնազավթված բնակավայրերից տեղահանված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց լուծմանը միտված պետական ծրագրերը: 

Հատուկ անդրադարձ է կատարվել 2020 թվականից առ այսօր տեղահանված պետական հիմնարկների պահպանման համար պետական բյուջեից հատկացվող գումարների և դրանց տրամադրման նպատակների վերանայման անհրաժեշտությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ տեղահանված տարբեր պետական կառույցներում հաստիքների սպասվող կրճատումների նպատակը ոչ թե ֆինանսական միջոցների խնայողությունն է, այլ՝ սոցիալական արդարության և զբաղվածության խթանման սկզբունքների պահպանումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հանդիպման նպատակներից մեկն էլ այդ որոշումների վերաբերյալ շահագրգիռ քննարկումների կազմակերպումն է, որպեսզի որևէ հարց ուշադրությունից դուրս չմնա: 

Անդրադառնալով տեղահանված բնակիչների բնակվարձերի վճարման գործող քաղաքականությանը՝ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է այն վերանայել՝ դարձնելով ավելի արդյունավետ ու հասցեական: Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվել են որոշակի մոտեցումներ, որոնց մշակման ու վերջնականացման արդյունքում, Նախագահի հանձնարարությամբ, էական փոփոխություններ են կատարվելու եղած ծրագրերում:

Խոսելով բնակարաններով ապահովելու պետական ծրագրի մասին՝ նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ այն ընթանում է ամբողջ ծավալով և հնարավորինս ողջամիտ ժամկետներում տեղահանված քաղաքացիները, այդ թվում՝ Հադրութի շրջանի բնակիչները ապահովված կլինեն բնակարաններով: 

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին սեղմ ժամկետներում գործնական առաջարկություններ ներկայացնել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով բարձրացված կարիքներն ու խնդիրները։

 

Լրահոս

Դիտել ավելին