Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    448
    461

  • EUR

    474,5
    492,5

  • RUB

    6
    7,35

Կարևոր իրադարձություններ

Վարչապետը մասնակցել է Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը (լուսանկարներ)

05 Մայիս, 2022 20:14
Վարչապետը մասնակցել է Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ ներկա գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Գլխավոր հարկատիր կատարող Սերգեյ Մեղրյանը և պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հարկադիր կատարողի օրվա առիթով և ընդգծել, որ ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում կամ չի եղել, կամ շատ թույլ է գոյություն ունեցել: «Այստեղ շատ կարևոր քաղաքակրթական նրբություններ կան: Այս հանգամանքի բերումով, ի սկզբանե, եթե հիշում եք, ԴԱՀԿ ծառայության շուրջ նաև այդ պատճառով շատ մեծ նեգատիվ կար, որովհետև ի սկզբանե ընկալում էր, թե ստեղծվել է մի ծառայություն, որը մարդկանցից վերցնում է, կամ խլում է, կամ հարկադրաբար ինչ-որ բան կտրում է նրանցից: Սա շատ կարևոր հանգամանք է: Բայց ԴԱՀԿ ծառայության իրականությունը կամ առաքելությունը մի փոքր այլ է: Այստեղ մենք պիտի նկատի ունենանք, որ հիմնական առաքելությունը, որը պետականորեն և հանրայնորեն շատ կարևոր է, դա այն է, որ ի վերջո ԴԱՀԿ ծառայությունն արդարադատության գործադիր մարմինն է: Եվ երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար և, ըստ էության, տալիս է նրանց, ովքեր ապօրինի կերպով զրկվել են: Եվ երկրորդ՝ շատ կարևոր է մի այսպիսի քաղաքակրթական նրբություն, որը շատ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ ձեր ծառայությունն է ի կատար ածում: Այդ քաղաքակրթական նրբությունը հետևյալն է. մեզնից յուրաքանչյուրը պիտի հասկանա և արձանագրի, որ իր արարքները, պահվածքը, ապրելու ոճն իր հետ բերում է որոշակի հետևանքներ: Եվ մենք այս հետևանքների հետ հարաբերությունները պարզելիս է, որ պետք է ձևակերպենք այն հանրային հարաբերությունները, որին բոլորս ձգտում ենք:

Այս առումով՝ ես ԴԱՀԿ ծառայության ճիշտ բովանդակության աշխատանքը կհամարեմ ոչ միայն զուտ իրավական, դատաիրավական, այլև այստեղ շատ կարևոր քաղաքակրթական նրբություններ կան: Որովհետև, այո, երբեմն շատ տհաճ է, երբ երթևեկության կամ ամենատարբեր տուգանքներ են ի հայտ գալիս: Բայց դրանից մեր ուղերձը պիտի լինի հետևյալը, որ այդ ամենի արդյունքում, այս հարաբերությունների արդյունքում մենք պետք է կարողանանք շտկել և կարգավորել մեր առօրյա կյանքը, սովորույթները, կարգապահությունն այնպես, որ ճիշտ բալանս գտնենք հանրային և անձնական շահի միջև: Այս առումով՝ չափազանց կարևոր է ԴԱՀԿ ծառայությունը: Չափազանց կարևոր է, որ այս տեսանկյունը գիտակցվի և՛ ծառայության, և՛ հանրության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԴԱՀԿ ծառայության համարումը, իմիջն ակնհայտորեն բարելավվում է, որովհետև, հենց այս ընկալումը մարդիկ ավելի շատ են սկսում հասկանալ, որ սա պետության, օրինականության և մարդու, անհատների, կազմակերպությունների օրինական շահերի պաշտպանության շատ կարևոր գործիք է: «Պիտի ասեմ նաև, որ շատ դեպքերում այն նեգատիվը, որ գալիս է և դեռ կգա ԴԱՀԿ ծառայության նկատմամբ, ցավոք, հենց ծառայությունից չի կախված, որովհետև սա արդեն բխում է նրանից, թե հանրության համար ինչքանով են վստահելի այն դատական ակտերը, որոնք կայացվում են դատարանների կողմից: Իհարկե, մեր դատական համակարգում առկա պրոբլեմները, դրանցից բխող նեգատիվը, ցավոք, շատ հաճախ ընկնում է ձեզ վրա: Այստեղ էլ շատ կարևոր է, որ ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերը լինեն մաքսիմալ վստահելի, որպեսզի ԴԱՀԿ ծառայության շուրջ մթնոլորտը գնալով ավելի ու ավելի դրական դառնա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետական ինստիտուտների գործունեությունը գնահատելիս, պլանավորելիս, ռազմավարություններ մշակելիս չպիտի դիտարկել միայն հարցի մեխանիկական կողմը, որովհետև դրանք ապահովում են օրենքի գերակայություն, ունեն կարևոր քաղաքակրթական նշանակություն, կարևոր նշանակություն՝ անհատի և հանրության, անհատի և օրենքի, անհատի և անհատի հարաբերությունները ճիշտ բալանսների մեջ դնելու համար: «Հույս ունեմ, որ հենց այդ ճանապարհով կշարունակենք ընթանալ, որովհետև գիտեմ, որ այս ընկալումն ամեն օրվա հետ ավելի ու ավելի է առկա մեր կառավարությունում: Պիտի ընդգծեմ ևս մի հանգամանք: Մենք ԴԱՀԿ ծառայության այլ հարթություն էլ ենք շատ կարևորում, որովհետև 2021 թվականի կառավարության գործունեության հաշվետվության մեջ ընդգծել ենք, որ նախորդ տարի ծառայության գործունեության արդյունքում պետական բյուջե 600 միլիոն դրամի մուտք է տեղի ունեցել: Եվ մենք խնդիր ենք դրել, որ այդ եկամուտները, որոնք օգտագործվում են հանրային կարիքները հոգալու համար, գնալով ավելանան:

Այս ամենն ասելով՝ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի և ծառայության համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել թերությունների հետ առերեսվելու և այդ թերությունները շտկելու պատրաստակամության, ուսադիրները պատվով կրելու համար: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ ահա այս գաղափարաբանության շրջանակում իրականացվող աշխատանքի արդյունքում այդ համազգեստի, ուսադիրների, ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա, և ի վերջո մենք կհանգենք հանրային այն համընդհանուր եզրակացության, որ ԴԱՀԿ ծառայությունը գործում է ոչ թե ի հեճուկս, այլ հանուն քաղաքացու, հանուն իրավունքի, հանուն օրենքի և արդարության»,- ասել է վարչապետը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողի երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո կառավարության ղեկավարը, մասնագիտական տոնի կապակցությամբ, ԴԱՀԿ մի խումբ աշխատակիցների հանձնել է հուշամեդալներ ու շնորհակալագրեր:

Մասնավորապես՝ Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահե Մովսիսյանը:

Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խախուսվել են՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Նարինե Մարգարյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ Լևոն Դանիելյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետ Գևորգ Դումանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին