Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանության հորդորը՝ հասարակական ակցիաների մասնակիցներին

05 Մայիս, 2022 19:02
ՀՀ ոստիկանության հորդորը՝ հասարակական ակցիաների մասնակիցներին

Վերջին օրերին մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ցավոք, սկսել են հաճախանալ օրինականության խախտման, համակեցության կանոնները չպահպանելու, համաքաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու դեպքերը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ավելին, ակցիաների որոշ մասնակիցներ քաշքշուկներ են հրահրում հասարակական կարգն ու հենց իրենց անվտանգությունը ապահովող ոստիկանների հետ, շշեր են նետում նրանց վրա, վնասում ոստիկանական մեքենաները, պոկում ոստիկանության ծառայողի կրծքանշանները և այլն: Արձանագրվում են դեպքեր, երբ երթի մասնակից սակավաթիվ քաղաքացիները միտումնավոր փակում են ողջ փողոցը և հրաժարվում կատարել բանուկ ճանապարհահատվածը բացելու հորդորները, ավելին՝ դիմադրություն են ցույց տալիս մյուս քաղաքացիների տեղաշարժի իրավունքը վերականգնող ոստիկաններին:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ գործողություններն ու նմանատիպ արարքները իրավախախտումներ են և ենթակա համապատասխան իրավական գնահատականի ու հետևանքների: Հասարակական ակցիաների մասնակիցներին հորդորում ենք գործել բացառապես օրենքի շրջանակներում, հարգել համաքաղաքացիների նույնպիսի սահմանադրական իրավունքները, անվերապահորեն կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները: Կրկնում ենք՝ հասարակության բոլոր անդամներն ունեն նույն սահմանադրական իրավունքները, որոնցից հիմա օգտվում եք դուք, և ոստիկանությունը կոչված է ապահովելու ինչպես ձեր, այնպես էլ նրանց իրավունքները, պահպանելու հասարակական կարգը բոլորի համար և պաշտպանելու յուրաքանչյուրին՝ ցանկացած ոտնձգությունից:

Կոչ ենք անում օրինապահության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և ակնկալում քաղաքացիների աջակցությունը ոստիկանությանը՝ հատկապես այս օրերին հասարակական կարգն ապահովելու գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին