Կարևոր իրադարձություններ

Կբարձրացվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը

05 Մայիս, 2022 14:57
Կբարձրացվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի և գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է օրենքի իմաստով «պաշտոնատար անձ» հասկացությունը փոփոխել, և «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակում ներառել այն անձանց, ովքեր իրենց զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոն կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն: Նախագծով նախատեսվում է իրականացնել ուսումնասիրության ժամկետի երկարաձգում և ժամկետը համարել երկարաձգված նաև այն ուսումնասիրությունների համար, որոնք սկսվել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը և շարունակվում են օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ։ Այսինքն, բովանդակային առումով նախատեսվում է օրենսդրական ակտով երկարաձգել սկսված, բայց չավարտված հայցային վաղեմության ժամկետները։ Նախագծով առաջարկվում է համարժեք հնարավորություն ստեղծել նաև այն դեպքերի համար, երբ նշված անձանց վերաբերյալ տվյալները հայտնաբերվել են ուսումնասիրության շրջանակներում։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը։

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով օրինագծին, նշել է. «Այստեղ պետք է երկու արձանագրում և խոստովանություն անենք.  համակարգը, եթե ես ճիշտ եմ հիշում, ներդրվեց 2020 թվականի սեպտեմբերից և այդ ընթացքում դատախազությունը հսկայական աշխատանք է կատարել այդ ուղղությամբ: Բայց մյուս կողմից էլ, հետո պոստֆակտում ենք արձանագրել, որ այդ աշխատանքի ծավալներն այնքան մեծ են, որ մեր ակնկալիքները,  համենայնդեպս, այս պահի դրությամբայդքան էլ չեն արդարանում: Նաև պետք է արձանագրել, որ հասկանալի պատճառներով այս պրոցեսների նկատմամբ կա որոշակի դիմադրություն և դատարանում, ինչքան ինձ տեղեկացրել են, այսպիսի պրակտիկա կա. քանի որ Սահմանադրական դատարանում վիճարկվել է ընդդիմության կողմից օրենքի սահմանադրականությունը, գործերը նաև այդ պատճառով առաջ չեն գնում: Հիմնականում ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը կասեցվում են դատարանում, մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը: Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ այս ոլորտում մեր ունեցած տեղեկություններից դժգոհ չենք, բայց արձանագրած արդյունքներից այնքան էլ գոհ չենք և, բնականաբար, հանրությունն էլ գոհ չէ: Մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ առաջ գնալ, դա է արդյունքի հասնելու և արդյունքն արձանագրելու միակ ճանապարհը»: 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ այս ուղղությամբ հսկայական աշխատանք է իրականացվել, որոնք անցնում են սահմանված ընթացակարգերով. «Այս պահի դրությամբ արդեն դատարան է ներկայացվել 8 հայց՝ 42 մլրդ դրամ հայցագնով, մոտավորապես նույնքան էլ ավարտված ունենք: Ունենք առաջին նախաձեռնությունը համաձայնության գալու, և  կարծում ենք՝ սա լավ փորձ և ազդակ կլինի, որ առավել նախընտրելի են համաձայնությամբ այս տեսակ խնդիրների լուծումները: Հետևաբար, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում ի հայտ եկած այսպիսի խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվելիք այս փոփոխությունը եթե արագ կյանքի կոչվի, ապա կնպաստի աշխատանքների արդյունավետ իրականացմանը»:     

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  համաձայնության գալու հնարավորությանը և նշել. «Ուզում եմ հիշեցնել, որ դա օրենքով  է նախատեսված,  որը վերաբերվում է հետևյալին,  եթե  ճիշտ եմ հիշում՝ 25 տոկոս-75 տոկոս համամասնությամբ հայտնաբերված գույքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվում, որից 75 տոկոսն, արտադատական կարգով կամ վերջում բոլոր դեպքերում համաձայնությունն էլ դատարանն արձանագրում է,  հանձնվում է պետությանը, 25 տոկոսը թողնվում է ի տնօրինություն այն սուբյեկտին, որի նկատմամբ վարույթն իրականացվում է: Այնուամենայնիվ, պետք է նաև հաշվի առնել, որ այդ գործերը պետք է գնան դատարան և  դատարաններում հանգուցալուծում ստանան: Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն  պալատը ստեղծելու ընթացքի մեջ ենք: Պետք է ուղիղ ասել, որ դատաիրավական համակարգում բարեփոխումներն ամենաբարդն են և ամենադժվարն են առաջ գնում, և մենք էլ, որպես կառավարություն, գոհ չենք մեր արձանագրած արդյունքներից:

Եվ հանրությունն էլ գոհ չէ, որովհետև բոլոր հարցումները ցույց են տալիս, որ դատական համակարգը, ինչպես ավանդաբար եղել է, ամենացածր վստահություն ունեցող համակարգ, այնպես էլ շարունակում է այդպիսին մնալ: Բայց մենք այդտեղ էլ չպետք է նպատակը կորցնենք և պետք է հստակ շարժվենք դեպի անկախ,  վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ: Ունե՞նք այսօր արդյոք այդպիսի վիճակ, եկեք ուղիղ խոստովանենք՝ ո՛չ, չունենք, պիտի՞ արդյոք հետևողականորեն շարունակենք այս ուղղությամբ աշխատել՝ այո՛, պիտի հետևողականորեն շարունակենք աշխատել՝ այս գլխից իմանալով որ դա հեշտ աշխատանք չէ, որովհետև կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում միջազգային լեգիտիմությունն ապահովելու, այդ թվում՝ ներքին լեգիտիմությունն ապահովելու պրոցեսների, ի վերջո նաև կարողանալու հաղթահարել այն արմատացած դիմադրությունը, որը մենք տեսել ենք, տեսնում ենք և դեռ էլի որոշ ժամանակ կշարունակենք տեսնել»:

 

Լրահոս

Դիտել ավելին