Կարևոր իրադարձություններ

Մեքենաներից հափշտակել են մարտկոցներ, մետաղադրամ ընդունող սարքերից՝ գումար․ ՔԿ

05 Մայիս, 2022 10:48
Մեքենաներից հափշտակել են մարտկոցներ, մետաղադրամ ընդունող սարքերից՝ գումար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, ինչպես նաև՝ գողության փորձի մի շարք դեպքեր:Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր երկու ընկերների հետ նախնական համաձայնության գալով, 2021 թ. մարտ ամսին մարզի տարբեր գյուղերի փողոցներում կայանած ավտոմեքենաներից հափշտակել են մարտկոցներ՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Բացի այդ, նույն ամսվա ընթացքում, հիշյալ անձինք բացելով մարզի տարբեր քաղաքներում գործող ավտոլվացման կետերում տեղադրված մետաղադրամներ ընդունող սարքերի դռները՝ հափշտակել են դրանցում եղած գումարը, իսկ ավտոլվացման կետերից երկուսում փորձել են հափշտակություն կատարել, սակայն մետաղադրամներ չգտնելով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցել և հեռացել են:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն և նրա երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 34-177-րդ հոդվածի (Գողության հանցափորձը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին