Կարևոր իրադարձություններ

Ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, պետք է միավորվեն կարևորի շուրջ. «Փաստ»

05 Մայիս, 2022 08:30
Ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, պետք է միավորվեն կարևորի շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանն ու Արցախը կրկին անհանգիստ են, տագնապային տրամադրությունները գնալով մեծանում են, ու հենց առկա մտահոգություններն ու անհանգստությունները ստիպեցին մարդկանց հաղթահարել երկարատև թմբիրը, փորձել մի կողմ թողնել տարաձայնությունները և հայրենիքի պահպանման գաղափարով դուրս գալ պայքարի: Այս օրերին, երբ հասարակական տրամադրությունները կրկին լարված են, երբ առաջնահերթ քննարկման հարցը Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է, խոսվում է նաև այն մասին, թե ինչո՞ւ թողեցինք, որ «դանակը հասնի ոսկորին»:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանից հետաքրքրվում ենք՝ վերջին օրերի իրադարձությունները կարո՞ղ են հասարակության՝ անտարբերությունը հաղթահարելու ցուցիչը լինել: «Մեր ժողովուրդը երբեք անտարբեր չի էլ եղել, ուղղակի հանգամանքները այնպես են դասավորվում, որ համազգային շարժման համար որոշակի պայմաններ են հարկավոր, նաև լիդերներ։ Դեռ առաջ պետք է գան նոր ժամանակին համապատասխան լիդերներ, որոնց համար այսուհետ կարևոր կլինի միայն ազգային շահը, և որոնք համապատասխան կրթություն կունենան»,-«Փաստի» հետ զրույցում հավաստում է Մայիլյանը։

Այս ծայրահեղ ծանր վիճակում կարևորվում է գաղափարի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը, իսկ գաղափարը Արցախն է: «Ինչպես բոլոր պատմական դժվար ժամանակաշրջաններում, այնպես էլ այսօր, մեզ հարկավոր է միասնականություն։ Իմ կարծիքով, բոլոր քաղաքական առողջ ուժերը, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով, պետք է միավորվեն կարևորի շուրջ։ Չի կարելի կոչ անել ժողովրդին գնալ միայն այս կամ այն ուժի ետևից։ Բոլորը պետք է միավորվեն, իսկ թե ով կմտնի ապագա Ազգային ժողով կամ կառավարություն, արդեն հետոյի հարց է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին