Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության առկայության անհրաժեշտություն է առաջացել․ Տ․Գաբրիելյան

03 Մայիս, 2022 19:48
ՀՀ-ում տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության առկայության անհրաժեշտություն է առաջացել․ Տ․Գաբրիելյան

Ժամանակակից ինտենսիվ այգիների եւ հատապտղանոցների ծավալների շարունակական աճն անհրաժեշտություն է առաջացրել Հայաստանում տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության առկայության: Այս մասին, ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մայիսի 3-ի ԱԺ նիստում:

Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սերմերի եւ տնկանյութի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

«Հայաստանում գյուղատնտեսության եւ, մասնավորապես, այգեգործության արդյունավետ զարգացման նպատակով կարեւորվում է տեղական տնկիների արտադրությունը, որը կարող է երաշխավորել ոչ միայն պտղահատապտղային այգիների տարածքների ավելացումը, այլ նաեւ հնարավորություն կընձեռի տնկանյութի արտահանման համար»,- ընդգծել է զեկուցողը:

«Սերմերի եւ տնկանյութի մասին» օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել նաեւ լրացումներ կատարելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում` նախատեսելով տուգանքներ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքերում:

Ֆինանսների նախարարության առաջարկի հիման վրա ներկայացվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտություն, որով պետական տուրք կսահմանվի տնկանյութի հավաստագրի տրամադրման համար:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են կարգավորվելու գենային ինժեներիայի եղանակով ստացված եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ համարվող սորտերի եւ հիբրիդների գրանցման, սերմերի եւ տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման եւ օգտագործման դեպքերը:

Զեկուցողը նշել է, որ դրանք կսահմանվեն Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կարգավորման վերաբերյալ օրենքի նախագծում: Նախաձեռնությունը Կառավարությունում քննարկվելուց եւ դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարան:

Գլխադասային` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին