Կարևոր իրադարձություններ

Հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ՝ 2021թ-ին

03 Մայիս, 2022 19:22
Հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ՝ 2021թ-ին

Հանրապետությունում 2021թ. արձանագրվել է հանցավորության 30245 դեպք, որը 14.3 տոկոսով կամ 3077 հանցագործությունով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին,ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2021թ. գործունեության տարեկան հաղորդումը: 

Ամենապարզ վերլուծությունը վկայում է վերջին տարիներին հանցագործությունների բացարձակ թվի աճի երկու հիմնական պատճառի մասին: Առաջին՝ բազմաթիվ նոր, հատկապես ոչ մեծ կամ միջին ծանրության արարքների քրեականացում եւ երկրորդ՝ հանցագործությունների պաշտոնական գրանցման բացահայտման աշխատանքների բարելավում: Հաշվետու տարում գրանցված 30245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը կամ 84.1 տոկոսը կազմում են ոչ մեծ եւ միջին ծանրության, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները:

Առանձնապես ծանր հանցագործությունները ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմել են 1.2 տոկոս, իսկ ծանր հանցագործությունները՝ 14.7 տոկոս: Ընդ որում, որպես կանոն տարիներ շարունակ երկրաչափական պրոգրեսիայով նվազել է ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան ցուցանիշը:

2011-2021թթ. ընթացքում հանցավորության կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններն արտահայտող տարեկան միջին ցուցանիշը կազմել է տարեկան 18.1 տոկոս, մինչդեռ 2021թ. ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների ընդամենը 15.9 տոկոսը՝ շուրջ 2.2 տոկոսով պակաս:

Հաշվետու տարվա հանցավորության ցուցանիշներով մեր երկրում 100.000 բնակչին բաժին է ընկնում 1020 հանցագործության դեպք:

Գլխավոր դատախազը նշել է, որ այս ցուցանիշով Հայաստանը տեսանելի դրական պատկեր է ապահովում: Անկախ միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022թ. ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է տասներորդ տեղը՝ 22.79 դեպքով առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից, ինչպես նաեւ եվրոպական երկրների մեծ մասից: Այսպես՝ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝ 23-րդը, Գերմանիան՝ 42-րդ տեղը, Ռուսաստանը՝ 51-րդ տեղը:

Արթուր Դավթյանը նշել է, որ հանցագործությունների աճին զուգընթաց 2021թ. արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: Հաշվետու տարում բացահայտման ցուցանիշը կազմել է 57.7 տոկոս՝ նախորդ տարվա 55.7 տոկոսի դիմաց:

«Պետք է փաստել, որ 2021թ. բացահայտվել է 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի: Այնուհանդերձ, ունենք առանձին հանցագործությունների մտահոգիչ դինամիկա, որոնցից առաջինը մարդու դեմ ուղղված հանցագործության՝ սպանության 10-ով կամ 20 տոկոսով, սպանության փորձի 7-ով կամ:18 տոկոսով աճ: Այս եւ աճ արձանագրած մյուս հանցատեսակների շարժընթացը մշտապես գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում է: Պարբերական վերլուծությունների, ուսումնասիրությունների արդյունքում պատկան մյուս մարմինների հետ ձեռնարկվում են հանցագործությունները կանխարգելելու բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշել է գլխավոր դատախազը:

Անդրադառնալով 2022թ. առաջին երեք ամիսների տվյալներին՝ նա նշել է, որ արձանագրվել է սպանությունների 45 տոկոսով, սպանության փորձերի 33 տոկոսով, բնակարանային գողությունների 13 տոկոսով, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 18 տոկոսով նվազում:

Գլխավոր դատախազը նաեւ անդրադարձել է թմրամիջոցների շրջանառությանը, կարեւոր համարել դրա դեմ հանընդհանուր պայքարը: 2021թ. ավելացել է թմրամիջոցների առգրավումների քանակը:

Արթուր Դավթյանը կարեւորել է նաեւ միջազգային համագործակցությունը, հատկապես՝ շեշտադրվել է Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմնի հետ գործակցությունը:

ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են հանցագործությունների բացահայտմանը, կանխարգելմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը եւ այլ խնդիրներին:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 4-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին