Կարևոր իրադարձություններ

Ձեր այցերը մեր երկիր դրական լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական գործընկերության շարունակական ամրապնդմանը․ Փաշինյան

03 Մայիս, 2022 17:14
Ձեր այցերը մեր երկիր դրական լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական գործընկերության շարունակական ամրապնդմանը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել նրանց ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինները համագործակցում են սերտորեն և դրանում մեծ է նաև բարեկամության խմբի ավանդը:

«Ձեր այցերը մեր երկիր մեծ և դրական լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական գործընկերության շարունակական ամրապնդմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հետագայում ևս ջանքերն ուղղելու են երկկողմ գործընկերության զարգացմանը:

«Մենք շարունակելու ենք լինել Հայաստանի ու Արցախի կողքին»,- ասել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչմանն ուղղված բանաձևը ստացել է լայն աջակցություն սենատորների կողմից:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Սենատի ընդունած բանաձևը հսկայական քաղաքական նշանակություն ունի, որը մեծ ուժ և վստահություն է հաղորդում արցախահայության իրավունքների միջազգային ճանաչման համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը վերաբերող հարցերի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին