Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում

02 Մայիս, 2022 20:58
ԱԺ-ում Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում

Ամուսնության տարիքային շեմն աշխարհի տարբեր երկրներում ու ժողովուրդների շրջանում տարբեր է` պայմանավորված ազգային, կրոնական, ավանդույթների չափորոշիչներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Հայաստանում Ընտանեկան օրենսգրքով ամուսնության տարիք սահմանվել է 18 տարեկանը: Բացառությամբ` անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է ծնողների, որդեգրողների եւ հոգաբարձուի համաձայնությունը: 16 տարեկանում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է ծնողների, որդեգրողների եւ հոգաբարձուի համաձայնությունը, եւ երբ ամուսնացող մյուս կողմը չափահաս է:

Մայիսի 2-ին խորհրդարանում ամուսնության տարիքային շեմի փոփոխության հարցի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշել է, որ մինչեւ 18 տարեկան աղջիկների հղիությունն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Կինը մինչեւ 18 տարեկանը դեռեւս պատրաստ չէ հղիության: Հնարավոր վտանգներ սպառնում են ինչպես կնոջը, այնպես էլ պտղին եւ նորածնին:

Վաղ հասակում ազգային, կրոնական սովորություններով պայմանավորված` աղջիկները թողնում են դպրոցը. ոտնահարվում է երեխայի պարտադիր կրթության իրավունքը: Մասնակիցներն արձանագրել են, որ դպրոցներում գրանցված տղաները եւս չեն հաճախում դպրոց` հողագործության աշխատանքների, ինչպես նաեւ տարբեր այլ պատճառներով:

«Վաղ ամուսնությունների խնդիրն արդիական է` հիմք ընդունելով ՄԻՊ հաստատության ուսումնասիրությունները: Այն շարունակում է ստեղծել այնպիսի հիմնարար իրավունքների խախտումների ռիսկեր, ինչպիսիք են կրթության, առողջապահության պահպանման իրավունքները, վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: ՄԻՊ-ը մշտական ուշադրության կենտրոնում է պահում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման խնդիրները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի խոսքով` ազգային փոքրամասնություններին պետական բյուջեից տրամադրվում է տարեկան 20 մլն դրամ` էթնիկ համայնքների ինքնության պահպանման, մշակույթի, լեզվի զարգացման խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին: Գումարը բաշխում է ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը: Առավելությունը տրվում է պետականություն չունեցող ազգություններին:

Վարդան Ասցատրյանի ներկայացմամբ` տարին երկու անգամ այցելություններ են կատարվում ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, քննարկվում են համայնքներում առկա խնդիրները: Նրա խոսքով` ժամանակի ընթացքում ավանդույթի բուն նշանակությունն ու էությունը կորչում է, եւ պահպանվում է ժառանգաբար փոխանցված ձեւական մասը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն էլ  քննարկման ընթացքում անդրադարձել է աղջիկների` կրթության համակարգից դուրս մնալու հարցին, պարտադիր հանրակրթության եւ հետագա մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություններին:

«Կրթական համակարգում այսօր անգամ չունենք ամուսնացած երեխաների կրթության կազմակերպման կարգեր: Իհարկե, նոր կրթական ծրագրերն ու չափորոշիչները հնարավորություն են տալիս բավականաչափ բազմազանություն ապահովել: Սակայն խնդիրը դուրս է մնացել կարգավորումից»,- ասել է Ռոբերտ Ստեփանյանը:

Ռուստամ Բաքոյանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքներով ակտիվ համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ` ամուսնության տարիքային շեմի հարցի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ կկայացվի համապատասխան որոշում: 

 

Լրահոս

Դիտել ավելին