Կարևոր իրադարձություններ

Երևանում նոր շատրվանային համալիր կկառուցվի․ քաղաքապետ

02 Մայիս, 2022 20:28
Հեղինակ՝ Հրաչյա Սարգսյան
Երևանում նոր շատրվանային համալիր կկառուցվի․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023 թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթը հայտարարվել է այս տարի:

Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի: Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից: Մրցույթն արդեն կայացել է:

Քաղաքում բռնկված հրդեհները մարելու ժամանակ գրեթե միշտ հրշեջ մեքենաները ջրով վերալիցքավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով 2021թ.-ից համայնքը նախաձեռնեց նոր հիդրանտների կառուցման և հնի նորոգման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում փոխարինվեց 39 հիդրանտ: Ընթացիկ տարում նախանշվում է աշխատանքներ տանել 200-ի ուղղությամբ, որով էլ ծրագիրն ամբողջությամբ կավարտվի:

Կամավոր ատեստավորման գործընթացը ուսուցիչներին հնարավորություն կտա ստանալ 30, 40 կամ 50 տոկոսով բարձր աշխատավարձ՝ կախված միավորներից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, կարևորելով կրթական ոլորտի այս բարեփոխումը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է համայնքային ենթակայության կրթօջախներում աշխատանքներ տանել գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի ուսուցիչներն ատեստավորվեն և հնարավորություն ունենան ստանալ ավելի բարձր աշխատավարձ:

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում համայնքային բյուջեի միջոցներով ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Փուլ առ փուլ իրականացվող նախագծով 2023 թվականին հարմարավետ պայմաններ կապահովվի ևս երեք մարզադահլիճում: Նախագծման մրցույթն արդեն հայտարարվել է:

Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում աջակողմյան երթևեկություն կազմակերպելու նպատակով կառուցվում է լրացուցիչ գոտի: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Կարևորելով երթևեկության արդյունավետ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդրահարույց բոլոր խաչմերուկներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին