Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է վճարային տերմինալների միջոցով թանգարանների տոմսեր ձեռք բերելու առաջարկությունը․ ԿԳՄՍՆ

02 Մայիս, 2022 15:32
Քննարկվել է վճարային տերմինալների միջոցով թանգարանների տոմսեր ձեռք բերելու առաջարկությունը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վճարային ու վճարահաշվարկային համակարգերի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է վճարային տերմինալների փաթեթներում, որպես ծառայություն, թանգարանները ներառելու ԿԳՄՍ նախարարության առաջարկը, որը թանգարանային տոմսեր ձեռք բերելու լրացուցիչ հնարավորություն կապահովի:

«Կարծում ենք, որ երկուստեք կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել թանգարանների և վճարային կազմակերպությունների միջև: Միաժամանակ նոր ծառայությունը կդառնա թանգարանների հանրայնացման լրացուցիչ հարթակ»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով` նոր ծառայության շնորհիվ քաղաքացին կկարողանա վճարային տերմինալի միջոցով ձեռք բերել թանգարանի տոմս` կատարելով քարտային և առձեռն վճարում:

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պատասխանատուները, ՀՀ ֆինանսների նախարարության,  «ԹԵԼ-ՍԵԼ», «Իզի Փեյ», «Իդրամ», «LuckyTerminal» վճարային ընկերությունների ներկայացուցիչները:

Վճարային տերմինալներում, ինչպես հանդիպման ընթացքում հավաստիացրել են նշված ընկերությունների ներկայացուցիչները, որպես նոր ծառայություն՝ կարող են ներառվել թանգարանները: Նոր ծառայության մատուցումը կատարվելու է ընկերությունների և թանգարանների համագործակցությամբ, ու հաշվի են առնվելու գանձապետական համակարգի` դրամային փոխանցման կանոնները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ուղիղ համագործակցություն կստեղծվի թանգարանների և վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև:

Զուգահեռաբար ընկերությունները կմշակեն ու կներկայացնեն նոր ծառայության մատուցման վերաբերյալ իրենց առաջարկները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին