Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը․ Նիկոլ Փաշինյան

01 Մայիս, 2022 10:37
Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք մշտապես ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները քրտնաջան և նվիրված աշխատանքի միջոցով: Ամենօրյա համառ աշխատանքը, անհատական ջանքն ու ստեղծագործական մոտեցումն այն առանցքային բաղադրիչներն են, որոնք հնարավորություն են տալիս գտնել լուծումներ և շարժվել առաջ:

Մեր երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին դիմագրավելու համար մեծապես կարևոր է յուրաքանչյուրիս անխոնջ աշխատանքը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական, կրթական, գիտական, մշակութային և մնացյալ բոլոր բնագավառներում:

Վերջին շրջանում մեզ բաժին հասան մի շարք փորձություններ՝ կորոնավիրուսի համավարակ, 2020 թվականի պատերազմ, որոնք դանդաղեցրին մեր առաջընթացը: Եվ, այնուամենայնիվ, համատեղ ջանքերի և աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել այդ ճգնաժամային իրավիճակները: Այդ մասին են վկայում տարբեր ոլորտներում արձանագրված դրական աճը և տնտեսական ցուցանիշները:

Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը շարունակելու է աշխատանքը և ստեղծագործականությունը քաջալերելուն միտված քաղաքականությունը: Մենք շարունակելու ենք հետևողականորեն ծրագրեր իրականացնել՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելու, կրթվելու, գիտելիքներ ձեռք բերելու և հմտություններ զարգացնելու ուղղությամբ: Աշխատող քաղաքացին պետք է լինի օրինակ, հանրային զարգացման ուղենիշ, և կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու աշխատողի իրավունքների պաշտպանությունը:

Սիրելի՛ ժողովուրդ,

Չնայած դժվարություններին՝ մենք պետք է շարունակենք կառուցել մեր երազած հայրենիքը: Միասնական, եռանդուն ու համառ աշխատանքով, որի հենքը յուրաքանչյուրիս անհատական ջանքն է ու նվիրվածությունն իր գործին: Հայը մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ ու տաղանդով, կառուցելու և ստեղծելու իր ձիրքով: Պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին, և մեր աշխատանքով կառուցենք ժամանակակից, զարգացած և օրինակելի պետություն:

Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին