Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը հանդիպել է Լիբանանի Ազգային ժողովի նախագահի հետ

19 Հոկտեմբեր, 2015 17:00
Գալուստ Սահակյանը հանդիպել է Լիբանանի Ազգային ժողովի նախագահի հետ

Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ժնև (Շվեյցարիա) մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող, միջազգային հարթակներում և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Գալուստ Սահակյանը, հանդիպման ընթացքում խոսելով երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ, ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, որը, ըստ խորհրդարանի ղեկավարի, կարևոր է փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում:

«Միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչն են. խորհրդարանների մակարդակով շփումների ակտիվացումը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով նպաստում է փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վստահեցրել, որ Լիբանանը Հայաստանի կողքին է: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Լիբանանի խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է իր վերաբերմունքը. Լիբանանն այս հարցում էլ է աջակցում Հայաստանի Հանրապետությանը:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ պարոն Բըրրին ցավով նշել է, որ սպառված են խնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման բոլոր հնարավորությունները, ուստի անհրաժեշտ է Սիրիայում պարզապես ուժով դադարեցնել տեղի ունեցող վայրագությունները:

Գալուստ Սահակյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստանի Հանրապետություն և ստացել փոխադարձ հրավեր:

 

Լրահոս

Դիտել ավելին