Կարևոր իրադարձություններ

Գժության սինդրոմ. «Հրապարակ»

27 Ապրիլ, 2022 08:16
Գժության սինդրոմ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նախորդ օրը ցնցող լուր իմացանք՝ մայրն իր երկամյա երեխային իր ձեռքով Դեբեդն է նետել։ Միայն հրաշքով է փրկվել Աստծո պահած այդ երեխան, որի վիճակը շատ ծանր է։ Նախօրեին Արցախի լրատվամիջոցներից մեկում հրապարակում կար, որ պատերազմում զոհված հերոսի ծնողը գրառում է արել, թե ուզում է ինքնասպան լինել, ինքնահրկիզվել։ Գրառման տակ քոմենթներ էին գրել, ամենամեղմը՝ «դե, քեզ տենանք», «ջհանդամը հրկիզվես», «ապուշ, թշվառ», «քո նման կամակատար տականքներից եւս մեկից կազատվենք», «անհամբեր սպասում ենք», «մի քանիսին էլ հետդ տար»։ Խմբագրություն եկած, գոնե արտաքուստ նորմալ հոգեվիճակով, գրագետ քաղաքացին հանգիստ պատմում է, որ վնասել է Լեոնիդ Ազգալդյանի արձանի քիթը՝ «դրան հասնում է»։

Ապա հայտարարում է, որ 1992-ին հայրենիքի համար կյանքը տված ազգային հերոսն է մեղավոր, որ 2020 թվականին մենք 5 հազար զոհ տվեցինք։ Փորձում ենք որեւէ կերպ բռնել նրա մտքի թելը եւ հասկանալ մեղադրանքների վեկտորը, պարզվում է՝ Ազգալդյանի քրոջ աղջկա հետ ինչ-որ խնդիր է ունեցել, եւ դա բավական է, որ Ազգալդյանների ամբողջ տոհմին եւ 30 տարի առաջ մահացած հերոսին մեղադրի իր եւ մեր երկրին պատահած բոլոր դժբախտությունների մեջ։ Նման պատմություններ հիմա կարելի է լսել ամեն քայլափոխի՝ հանրային առողջությունը, հասարակության հոգեվիճակն այսօր խոցված, հիվանդագին վիճակում է։

Գժությունը, հոգեկան խանգարումը, անհավասարակշիռ վիճակը, հիստերիան ու ագրեսիան անասելի չափերի են հասել։ Եվ սրա պատճառները ոչ միայն օբյեկտիվ են, այլեւ խիստ սուբյեկտիվ։ 2018 թվականին այս հիստերիան ու ագրեսիան ներխուժեց մեր կյանք, եւ եթե հեղափոխությունից անմիջապես հետո այս իշխանությունը հասկանար եւ այն հանգցնելու փորձեր աներ, հիմա բոլորովին այլ իրավիճակում կլիներ երկիրը»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին