Կարևոր իրադարձություններ

Արսեն Ավագյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին (լուսանկարներ)

25 Ապրիլ, 2022 16:22
Արսեն Ավագյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին (լուսանկարներ)

Ապրիլի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը իր հավատարմագրերը հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռայիսին հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ավագյանը նշեց, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ։

Արսեն Ավագյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցում:

ԻԻՀ նախագահը խնդրեց նաև իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին