Կարևոր իրադարձություններ

Բալասանյանը պատրաստվում է Գյումրիի կառավարումը կրկին ձեռքը վերցնել. «Հրապարակ»

23 Ապրիլ, 2022 08:18
Բալասանյանը պատրաստվում է Գյումրիի կառավարումը կրկին ձեռքը վերցնել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու նախկին քաղաքապետ, «Բալասանյան դաշինք»-ի հիմնադիր Սամվել Բալասանյանը, որը տեւական ժամանակ է՝ բուժման նպատակով ԱՄՆ-ում էր, վերադարձել է Հայաստան եւ պատրաստվում է քաղաքի կառավարումը կրկին ձեռքը վերցնել ու վերականգնել իր ազդեցությունը հանրապետության երկրորդ քաղաքում։

Մեր տեղեկություններով, «Բալասանյան դաշինք»-ով քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանի աշխատանքից Սամվել Բալասանյանն այնքան էլ գոհ չէ։ Նա վերադառնալուն պես դիտողություններ է արել Սամսոնյանին, անգամ, ասում են՝ վիճել է, թե ՔՊ-ական քաղաքապետ ես դարձել, կորցրել ես ինքնուրույնությունդ։

Քաղաքապետ Սամսոնյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Բալասանյանի վերադարձի լուրը ճշտեցինք «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Լուսինե Սանոյանից։ «Վերադառնալը, այո, վերադարձել է, բայց կրկին քաղաքականություն մտնելու մտադրության հետ կապված որեւէ խոսակցություն չկա»,- ասաց նա։ Ի դեպ, նշենք, որ այսօր մամուլում լուր կար նաեւ, որ Բալասանյանի ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, առաջիկայում նշանակելու են Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս»:

 Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին