Կարևոր իրադարձություններ

Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. արդյունքը՝ փրկված երիտասարդի կյանք

11 Ապրիլ, 2022 17:30
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. արդյունքը՝ փրկված երիտասարդի կյանք
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. արդյունքը՝ փրկված երիտասարդի կյանք
 
Մեկ ամիս առաջ գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հազոյանին էր դիմել 20-ամյա երիտասարդ՝ լյարդի ցիռոզ ախտորոշմամբ։
 
Երիտասարդ տղայի մոտ արդեն մի քանի անգամ դիտվել էր արյունահոսություն կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից, ինչը համարվում է լյարդի ցիռոզի մահացու բարդություններից մեկը։ Սակայն բժշկի աչքից չվրիպեց մի կարևոր «մանրուք», որը փոխեց բուժման ընթացքը:
 
Մեծածավալ հետազոտությունների արդյունում բժիշկ Հազոյանը ժխտեց լյարդի ցիռոզը և հաստատեց իր կանխատեսած հիվանդությունը՝ լյարդի ոչ ցիռոտիկ պորտալ հիպերտենզիա, որն անվանվում է նաև պորտոսինուսոիդալ վասկուլյար հիվանդություն, ոչ ցիռոտիկ պորտալ ֆիբրոզ, հեպատոպորտալ սկլերոզ, օբլիտերատիվ պորտալ վենոպաթիա, լյարդի նոդուլյար տրանսֆորմացիա և այլն: Անվանումների նման բազմազանությունը ևս փաստում է, որ հիվանդությունը խիստ հազվադեպ է հանդիպում։ Պացիենտը վիրահատվեց, կատարվեց փայծաղի էբոլիզացիա։
Հետվիրահատական երկրորդ շաբաթում արդեն երևում է սպասված արդյունքը։
 
Բժշկական գլուխկոտրուկը լուծվեց, արդյունը՝ փրկված երիտասարդի կյանք՝ ԵՊԲՀ դասախոս, գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Աննա Հազոյանի, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի (Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն) և բժիշկ-արյունաբան Արմինե Ֆարմազյանի (Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն) միահամուռ և գրագետ աշխատանքի շնորհիվ։
 
Հավելենք, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում նման բարդ և հազվադեպ դեպքեր հաճախ են հանդիպում, որոնք ախտորոշվում և բուժվում են բաժանմունքի հմուտ բժիշկների կողմից, որոնք նաև ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնն են ներկայացնում»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին