Կարևոր իրադարձություններ

5 հիմնական հարց, որոնց ընդդիմությունը պարտավոր է պատասխանել․ Տարոն Չախոյան

08 Ապրիլ, 2022 13:31
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
5 հիմնական հարց, որոնց ընդդիմությունը պարտավոր է պատասխանել․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«5 հիմնական հարց, որոնց ընդդիմությունը պարտավոր է պատասխանել։

Հայրենիքի «փրկչի» շղարշի տակ քողարկված ընդդիմությունն անընդհատ հեգնում և հայտարարում է, որ իրենց համար ընդունելի չեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իշխանության հայտարարությունները։

1) Այդ դեպքում ո՞րն է ընդդիմության՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան չհաստատելու ալտերնատիվ տարբերակը։

2) Ինչպե՞ս է ընդդիմությունը պատկերացնում Հայաստանի և Արցախի շուրջ ծագած խնդիրների լուծումը։

3) Ի՞նչ գնով է ընդդիմությունը պատրաստվում լուծել այդ խնդիրները։

4) Որո՞նք են այն երաշխիքները, որ ընդդիմությունը կհաջողի Հայաստանի և Արցախի շուրջ ծագած խնդիրների լուծման հարցերում։

5) Հայաստանի և Արցախի շուրջ ծագած խնդիրների լուծման իր տարբերակում ընդդիմությունն արդյոք բացառու՞մ է Հայաստանի ինքնիշխանության կորուստը, թե Հայաստանը պատկերացնում է ինչ-որ զարգացած ռեգիոնի կամ վիլայեթի կարգավիճակում։

Սրանք այն հիմնական հարցերն են, որոնց հայրենիքի «փրկչի» կերպարի մեջ ներկայացող ընդդիմադիրները պետք է պատասխանեն։ Թերևս մինչև հիմա հրապարակային հարցազրույցներում ու ելույթներում ընդդիմադիրները չեն պատասխանել այս հարցերից և ոչ մեկին։ Փոխարենը հնչել են գեղեցիկ բաժակաճառերի տեսքով պոպուլիստական հայտարարություններ։

Օրինակ՝ «Հայաստանը պետք է ռազմականապես հզորանա»։

Կներեք, իսկ իշխանությունը երբևէ դե՞մ է եղել սրան, ընդհակառակը՝ բանակի արդիականացման մասին հայտարարվել է ինչպես 2020 թվականի

Արցախյան պատերազմից առաջ, այնպես էլ հետո։

Ի դեպ, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան հաստատելու մեր նկրտումները չեն նշանակում, որ Հայաստանը չպետք է պաշտպանի իր սուվերենությունը, պետական սահմանները կամ շահերը։ Ամենևին, բայց եթե կա փոքրիկ հնարավորություն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ապա պետք է օգտագործել այդ շանսը։

Ի վերջո, դառը փորձը ցույց տվեց, թե մոտ 30 տարում ինչի հանգեցինք «100 տարի էլ փակ սահմաններով զարգանալու» ձեր վարած քաղաքականությամբ։

Սա մեր հայրենիքն է, մեր տունը, մեր հողն ու ջուրը ․․․

Մենք չենք ընտրել թե որտեղ և ինչ ազգությամբ ծնվենք, մենք չենք ընտրել մեր հարևաններին, մենք չենք ընտրել այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են մեր առջև, բայց և մենք մեր հողից գնալու տեղ չունենք, և մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին