Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուրախ են տեղեկացնել, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին հայտնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է.
«Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունն անելու են առավելագույնը, որ հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար: Մենք ջանք չենք խնայելու, որ տարեվերջին երաժշտական հրաշքն իրականություն դարձնենք Երևանում»:
«Մանկական Եվրատեսիլը» Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ՝ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ լավագույն տասնյակում տեղ է զբաղեցրել:
«Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը նկատում է. «Հայաստանին հաղթանակ բերած տարբերվող ու ժամանակակից «Քամի-քամի» երգը նոր նշաձող է սահմանել մեր մրցույթում, և մենք կասկած չունենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գերազանց շոու կկազմակերպի հոբելյանական այս տարում:
Մենք ոգևորութամբ սպասում ենք Հանրային հեռուստաընկերության հետ ինտենսիվ աշխատանքին:Անհամբեր ենք տեսնելու, թե ինչպես են Երևանի մեր գործընկերները գործի դնելու այն բացառիկ ոգևորությունն ու ավյունը, որ ունեն «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հանդեպ»։
Միջոցառման մասին այլ մանրամասները կհրապարակվեն առաջիկա ամիսներին։