Կարևոր իրադարձություններ

Երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ՝ հայկական կողմի առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար. Փաշինյան

31 Մարտ, 2022 12:10
Երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ՝ հայկական կողմի առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար. Փաշինյան

Կառավարության այսօրվ նիստի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցն Ադրբեջանն օգտագործում է էսկալացիան արդարացնող խոսույթ ձևավորելու համար: 

«2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Չեմ կարծում, թե այս հայտարարությունը կարող է որևէ տարընթերցման տեղ տալ և ակնհայտ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր:

Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել: Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու և սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը մինչև օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, և երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ՝ հայկական կողմի առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին