Կարևոր իրադարձություններ

Քաջարանում զինված անձինք փորձել են թալանել բանկոմատը․ նրանցից մեկը կրակել է ոստիկանության բաժանմունքի պետի ուղղությամբ

31 Մարտ, 2022 10:12
Քաջարանում զինված անձինք փորձել են թալանել բանկոմատը․ նրանցից մեկը կրակել է ոստիկանության բաժանմունքի պետի ուղղությամբ

Այսօր, մարտի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջարան քաղաքում տեղադրված բանկոմատներից մեկը փորձում են թալանել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվում է, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 2-րդ շենքի առաջին հարկում գտնվող բանկոմատի սրահից դիմակավորված մի քաղաքացի փորձում է դիմել փախուստի, և մտնում է այն սրահը, որտեղ բանկոմատն է։ Տեղում պարզվում է, որ ևս 2 դիմակավորված անձինք կան ներսում։  

Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայացել է և պահանջել, որպեսզի կասկածյալ հանցագործները հանձնվեն։ Մինչ ոստիկանները սպասում էին, որ նրանք պետք է հանձնվեին, բաժանմունքի պետի ուղղությամբ կրակոց է արձակվում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։  Իրավիճակի մասին բաժանմունքի պետը տեղեկություն է փոխանցում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հովհաննիսյանը դեպքի մասին զեկուցում է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին։ ՀՀ ոստիկանապետը կարգադրում է, որպեսզի վարեն  ճիշտ և հմուտ բանակցություններ, որ կասկածյալները չշարունակեն կրակոցներ արձակել և ինքնակամ վայր դնեն զենքն ու հանձվեն իրավապահներին։ 

Սկսվում են բանակցությունները, որոնք ղեկավարում են Սյունիքի մարզի ոստիկանապետ Ա․ Մամիկոնյանն ու ոստիկանության Կապանի բաժնի պետ Դավթյանը։  Մոտ մեկուկես ժամ բանակցությունների արդյունքում կասկածյալներից 2-ը վայր են դնում զենքն ու հանձնվում ոստիկաններին։ Վերջիններս բերման են ենթարկվում ոստիկանության Կապանի բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Քաջարան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Կարեն Բալասանյանը և 30-ամյա Տիգրան Մարկոսյանը։ Վերջինս իրավապահներին է հանձնել նաև ԱԿՍ տիպի ինքնաձիգը, որը լիցքավորված է եղել 5․45 մմ տրամաչափի փամփուշտներով, պարունակը և «Ջ-1» մարտական նռնակ։  Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Նշանակավել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալ հանցագործներից 3-րդին ժամեր անց ոստիկանները նույնպես հայտնաբերել են, ով Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գալստյանն է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին