Կարևոր իրադարձություններ

Գյուղոլորտում հապաղումներն անթույլատրելի են. «Հայաստանի Հանրապետություն»

31 Մարտ, 2022 09:30
Գյուղոլորտում հապաղումներն անթույլատրելի են. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

Հայաստանի գյուղատնտեսությունը շատ խնդիրներ ունի։ Այնքան, որ իրական պատկերի նկարագրությունը չափազանցրած չենք լինի, եթե «շատ»-ի փոխարեն գործածենք «բազմաթիվ» բառը։ Եվ, ի դեպ, միշտ է ունեցել։ Բայց դրանք ավելի են սրվել նախ՝ Արցախի մեծ մասի կորստի հետեւանքով եւ հիմա՝ ռուս-ուկրաինական այս իրավիճակի համապատկերում։ Բայց այդ խնդիրներն անլուծելի չեն, ավելին՝ այդ լուծումները գտնել պետք չէ, դրանք կան։ Պարզապես պետք է համակարգվեն, կառավարվեն, եւ, որ ամենակարեւորն է, պետությունը ոչ միայն չպետք է խնդիրների լուծումը թողնի գյուղացիական տնտեսությունների հույսին, այլեւ՝ պետք է գործուն մասնակցություն ունենա դրանք լուծելիս։

Այդպես արվում է նույնիսկ ամենազարգացած երկրներում, եւ դա գաղտնիք չէ։ Ինչ ունեցանք Արցախի տարածքների կորստով։ Խնդիրներ՝ ոչ միայն քաղաքական ու անվտանգության, այլեւ՝ տնտեսական-սոցիալական։ Վերջինիս մասով եթե չոր ու հակիրճ, ապա՝ մեր հայրենիքի այս հատվածից այլեւս չենք կարող հացահատիկ ներկրել (տարեկան 100 հազար տոննայի չափով բերում էինք)։ Անասնակերի՝ խոտի պաշարի պակաս ունենք։ Բարդացավ նաեւ անասնապահությունը։ Հայաստանի անասնապահներն անասնակերը բերում էին ազատագրված տարածքներից՝ հարավային հատվածից: Այստեղ տարին բոլոր անասնապահության համար հարմար պայմաններ էին։

Գեղարքունիքի բնակիչները Քարվաճառից էին բերում խոտը: Հիմա ոչ հարավային հատվածն է մերը, ոչ էլ Քարվաճառը: Կովսականում եւ Վարանդայի հատվածում բամբակ էր աճեցվում, որն օգտագործվում էր դեղագործական ոլորտում։ Զրկվեցինք Քարվաճառի ջրային պաշարներից կամ, որ ավելի ստույգ է, մեր ջրային պաշարների ակունքներից։ Էլ չենք խոսում Քարվաճառի եւ Քաշաթաղի՝ երկու տասնյակից ավելի ՀԷԿ-երից, որ ոչ միայն ամբողջ Արցախն էին ինքնաբավ դարձրել ցածր ինքնարժեքով էլէներգիայով, այլեւ ՀՀ-ին էլ էին տալիս։ Չմոռանանք Ջրականում ու Կովսականում ձմերուկի հողատարածքները, ընդհանրապես՝ հատիկաընդեղենային արտադրությունը… Թվարկումը կարող ենք շարունակել, բայց սա էլ բավարար է իրավիճակը պատկերացնելու համար։

Այսօր այս ամենին գումարվել են չկորցրած հողատարածքների մի մասի մշակման անհնարին լինելու հանգամանքը՝ թշնամուն մոտ գտնվելու գործոնով պայմանավորված, մասնագիտական ուժերը չմեկտեղելու գործոնը (առանձին գյուղատնտեսության նախարարություն չունենք) եւ պարենային ապահովության ռիսկերը։ Ունենք նաեւ սերմի խնդիր, դիզվառելիքն ու ագրոքիմիկատները թանկացան, լոգիստիկ խնդիրներն ավելացան։ Կա նաեւ պարարտանյութի ու պարարտացման խնդիր։ Օրինակը բերեմ թեկուզ հենց այն գյուղերի մասով, որտեղ բարեկամներ ունեմ։ Պարարտացումը հիմնականում միակողմանի է՝ ազոտականով (եղածներից՝ հնարավորինս մատչելին)։

Մինչդեռ մասնագետները մեկ անգամ չէ, որ ասել են, թե հողի՝ միակողմանի՝ ազոտական պարարտանյութով պարարտացումը հողի բերրիության անկմանն է հանգեցնում, որովհետեւ տարբեր հիվանդություններից պաշտպանվածության մակարդակն է ընկնում։ Ռուս-ուկրաինական ճգնաժամն առավել բարդացրեց վիճակը՝ պարենային ռիսկեր առաջացնելով շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Չմոռանանք, որ ՌԴ-ից մենք, ի թիվս շատ այլ ապրանքների, նաեւ գյուղատնտեսական հումք ենք ներկրում։ Ռուսաստանը, հասկանալի է, սեփական երկրում պարենային ապահովության ռիսկեր թույլ չտալու համար պարբերաբար այս կամ այն ապրանքի արտահանման արգելք է դնում, օրինակ՝ հացահատիկի։

Ճիշտ է՝ Հայաստանի մասով այս պահին, այսպես ասած, ոչ թե արգելք է, այլ՝ սահմանափակում (մեր երկրի տարածքից վերարտահանում թույլ չտալու համար), բայց չենք կարող ասել, թե ինչ ծավալումներ են սպասվում՝ նշյալ ճգնաժամով պայմանավորված։ Հաճախ է ասվում՝ ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի (այս միտքը վիճարկել-չվիճարկելն առանձին թեմա է, ուստի հիմա չենք կենտրոնանում), որ պետք է անցնենք «խելոք» գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների, բարձրարժեք մշակության եւն։ Լավ է հնչում, բայց գիտե՞ք ինչ են ասում գյուղացիները (ոչ գյուղարտադրությամբ զբաղվող գործարարները) այս մտքերը լսելիս. «Ավանդականը չենք կարողանում հորով-մորով անել, ուր մնաց՝ ոչ ավանդականը»։

Բարձրարժեքին ու «խելոքին» անցնելու համար միջոցներ են պետք։ Եվ արտոնյալ համարվող վարկերն էլ, որ տրվում են գյուղացիներին, գալիս են ոչ թե բավարարելու այդ միջոցների պակասը, այլ ընդամենը ընթացիկ տարվա գյուղարտադրության համար ընթացիկ խնդիրներ են լուծում։    Կարող ենք շարունակել օրինակների մեջբերումները, բայց դրանից խնդիրները չեն լուծվի։

Գյուղատնտեսությունն այնպիսի ոլորտ է, որ պետք է ունենա մասնագիտորեն մանրակրկիտ հաշվարկված նպատակային՝ ամբողջական եւ ճյուղային ռազմավարություններ։ Եվ որ ամբողջական արդյունքը տեսնելու համար քայլեր պետք է ձեռնարկվեն բոլոր ճյուղերում, միջոցառումները, ծրագրերը պետք է համալիր իրականացվեն։ Որեւէ ծրագրի չեղարկումը կամ որեւէ միջոցառման հետքայլը կարող է շղթայական հետեւանքով նվազեցնել ընդհանուր արդյունավետությունը։ Չմոռանանք՝ տնտեսությունն ու նաեւ գյուղատնտեսությունը հապաղումներ չեն սիրում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին