Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ու Արցախի շուրջ կայունությունը բխում է նաև Իրանի և ՌԴ-ի շահերից․ «Հայաստանի Հանրապետություն»

31 Մարտ, 2022 09:15
Հայաստանի ու Արցախի շուրջ կայունությունը բխում է նաև Իրանի և ՌԴ-ի շահերից․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

Արցախի շուրջ իրավիճակի ցանկացած լարման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր աղբյուրներից եւ տարբեր ձեւաչափերով հնչում են հայտարարություններ հարեւան պետությունների սահմանների խախտման անթույլատրելիության մասին: Նման հայտարարություններ հնչեցին նաեւ Փառուխ գյուղի մոտ տեղի ունեցած ռազմական բախման համապատկերին, երբ ադրբեջանական ստորաբաժանումներ (հատկապես՝ ծանր տեխնիկա) մոտեցվեցին Արցախի եւ Հայաստանի սահմաններին:

Օրերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր սոցիալական ցանցի պաշտոնական էջում հայտարարություն հրապարակեց, որում ասվում էր. «Հայաստանի տարածք ցանկացած ներխուժում կարժանանա Իրանի զինված ուժերի արձագանքին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պարբերաբար հայտարարել է, որ չի հանդուրժի հարեւան պետությունների սահմանների փոփոխումը»։ Այս հաղորդագրությունը մեծ արձագանք գտավ առաջին հերթին Թուրքիայի մամուլում: Թուրքական ազգայնական «Turkiye gazetesi» լրատվական կայքը միանգամից հրապարակում զետեղեց՝ հակահայկական եւ հակաիրանական բովանդակությամբ:

Թուրքական կայքը պատասխանել էր «Հըզբոլլահի» նախկին առաջնորդ՝ հակաիրանական հայացքներով հայտնի Սուբհի ալ-Թուֆեյլիի խոսքով: Վերջինիս պնդմամբ՝ Իրանի գործողությունները միտված են պառակտելու իսլամական աշխարհը, եւ նրա հիմնական նպատակը պարսկական ազգայնականությունն է, իսկ շիականությունն ընդամենը գործիք է ոչ իրանական ազգերին վերահսկելու համար: Սուբհի ալ-Թուֆեյլին նաեւ անդրադարձել էր Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշմանը՝ հայտարարելով, թե արցախյան առաջին պատերազմի ընթացքում Իրանը գործել է ոչ թե պատմական եւ կրոնական ընդհանրություններից ելնելով, այլ միայն սեփական շահերից դրդված, քանի որ Թուրքիայի եւ «թյուրքական աշխարհի» միջեւ ուղիղ կապի հաստատումը համարել է սպառնալիք իր շահերին:

Իրանից հնչող վերջին հայտարարությունների հատկանշական կողմն այն էր, որ դրանք վերաբերում էին ոչ միայն Հայաստանին ուղղված Ադրբեջանի եւ Թուրքիայի ծավալապաշտական ձգտումներին, այլեւ Արցախի հանդեպ Ադրբեջանի ունեցած  նկրտումներին: Օրերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Թուրալ Գանջալին սադրիչ գրառում էր արել «թվիթերյան» իր էջում։ Նա տեղադրել էր Ստեփանակերտի լուսանկարը եւ գրել. «Ղարաբաղն Ադրբեջան է եւ միշտ այդպես կլինի»։ Սրան ի պատասխան՝ իրանական պարբերականներից մեկի վերլուծաբան Սալար Սեյֆը գրել էր. «Ադրբեջանն Իրան է, եւ միշտ այդպես կլինի, փոքրի՛կս»: Վերեւում ներկայացված արձագանքները փաստում են, որ Թեհրանն ավելի ու ավելի  զգայուն է դարձել եւ կոշտ է արձագանքում իր սահմանների մոտ տեղի ունեցող զարգացումներին, քանի որ դրանցում իրական ռիսկեր է տեսնում: Իրանի շուրջ օղակը սեղմվում է, եւ այն չեն կարող չտեսնել Թեհրանում:

Վերջերս էլ, հաղթահարելով տասնամյակների թշնամանքը, դաշնակցային հարաբերություններ ձեւավորվեցին Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ, ինչն ուղղակիորեն ուղղված է Իրանի դեմ, քանի որ վերջինս խնդիրներ ունի նաեւ արաբական այդ երկրի հետ: Իրանի արեւելյան սահմաններին են Թուրքիայի դաշնակից Պակիստանն ու Աֆղանստանը: Այս իրավիճակում գործընկերային հարաբերությունների մեջ գտնվող Ռուսաստանի ուղղությամբ հյուսիսային՝ Հայաստանի հետ սահմանի կարեւորությունը Իրանի համար աննախադեպ մեծանում է:

Հետեւաբար, Հայաստանի ու Արցախի շուրջ կայուն վիճակը բխում է նաեւ Իրանի եւ ՌԴ-ի շահերից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին