Կարևոր իրադարձություններ

Աղաջանյանը բարձր է գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունների զարգացման հարցում

30 Մարտ, 2022 22:24
Աղաջանյանը բարձր է գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունների զարգացման հարցում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 30-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունների զարգացման հարցում:

Քննարկվել են խորհրդարանների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կողմերն ընդգծել են ԱԺ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական խումբ ունենալու անհրաժեշտությունը:

Խոսելով երկու երկրների փոխգործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման մասին` հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ համագործակցության զարգացման զգալի ներուժ է տեսնում մի շարք ոլորտներում:

Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքում ՀՀ-Նիդերլանդներ համագործակցությանը:

Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը եւ մարտահրավերները: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող բանաձեւերի ընդունման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորագույն խնդիր է համարել հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք:

Նիկո Սխերմերսը եւս կարեւորել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Ընդգծվել է խորհրդարանական հարթակում մի շարք ծրագրերի իրականացումը` ուղղված խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի լիարժեք օգտագործմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին