Կարևոր իրադարձություններ

185 մլն դոլար է կազմել առևտրաշրջանառությունը ՀՀ-ի և Իրաքի միջև

30 Մարտ, 2022 19:25
185 մլն դոլար է կազմել առևտրաշրջանառությունը ՀՀ-ի և Իրաքի միջև

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների զարգացման դինամիկան:

Զրուցակիցները փաստել են՝ երկու երկրները տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ առեւտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է Իրաքի անվտանգության հարցը՝ անդրադառնալով վերջերս Էրբիլում տեղի ունեցած հրետակոծությանը:

Խոսելով ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին՝ Ռուստամ Բաքոյանը հանդես է եկել հարցադրումով՝ հարց ուղղելով գործընկերոջը, թե արդյո՞ք եզդիները կունենան քվոտավորված մանդատներ երկրի խորհրդարանում:

Պատգամավորը նշել է, որ Իրաքում ապրում են ավելի քան 3200 հայեր եւ փաստել է, որ նախորդ տարի Էրբիլում հյուպատոսարանի բացումը շատ կարեւոր քայլ էր հայ-իրաքյան հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում:

Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալան նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու տնտեսական ոլորտում համագործակցության ավելացումը:

«Հայաստանը շատ կարեւոր երկիր է Իրաքի համար»,- ընդգծել է փոխնախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին