Կարևոր իրադարձություններ

Լայնածավալ պատերազմ կլինի՞. քաղաքագետը երկու սցենար է նշում

30 Մարտ, 2022 13:31
Լայնածավալ պատերազմ կլինի՞. քաղաքագետը երկու սցենար է նշում

Ռուս-ուկրաինական՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմի ֆոնին Ադրբեջանն ակտիվացել է ԼՂ Ասկերանի շրջանում: Մի շարք փորձագետներ, քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ օրեր շարունակ բարձրաձայնում են լայնածավալ պատերազմի սկսվելու հավանականության մասին:

Shabat.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ կա երկու սցենար, որոնց դեպքում լայնածավալ պատերազմի սկսվելը հավանական է, և կա երրորդը, որի դեպքում ավելի հավանական է, որ չի լինի պատերազմ. բոլոր սցենարներն էլ ուղղակիորեն կապված են ռուս-ուկրաինական պատերազմի հետ:

«Եթե ռուս-ուկրաինական կողմերից մեկն ամբողջական հաղթանակ տանելու լինի, այստեղ կարող է լինել երկու զարգացում: Կարող է Արևմուտքը Ադրբեջանի հետ ինչ-որ համաձայնության գալ և փորձել այստեղ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ: Կարող է և հակառակը. Ռուսաստանն այդ ֆոնին փորձի Հայաստանին խցկել իր միութենական հանրապետության մեջ, և Հայաստանն, օրինակ, դիմադրի, և այս դեպքում Ռուսաստանի միջոցով Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի: Այս զարգացումները կլինեն, եթե Ռուսաստանը ամբողջական հաղթանակի հնարավորություններ ունենա, և դրանք երևան»,-ասաց Ռոբերտ Ղևոնդյանը:

Ըստ քաղաքագետի՝ հաջորդ զարգացումը, որի դեպքում հնարավոր է լայնածավալ պատերազմ, այն դեպքում կլինի, երբ Ռուսաստանը ջախջախիչ պարտություն կրելու լինի, և այդ դեպքում արդեն ռուս-թուրքական պայմանավորվածությունները թուրքերը ստիպված չլինեն կատարել:

«Թուրքիան նկատի ունեմ. Թուրքիան դրդի Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմ սկսել իր օգնությամբ՝ հաշվի առնելով, որ հայկական ռազմական ուժերն այս պահին հնարավորություն չունեն թուրք-ադրբեջանական համատեղ ուժերին դիմադրելու, Ռուսաստանն էլ պարտություն է կրում այլ ճակատում և ժամանակ չունի օգնության հասնելու կամ ինչ-որ առևտրի մասնակից դառնալու»:

Ինչպես նշեց քաղաքագետը, այս երկու սցենարների դեպքում լայնամասշտաբ պատերազմ հնարավոր է, բայց մենք տեսնում ենք, որ այս սցենարների հավանականությունը շատ փոքր է:

«Իրականում ամեն ինչ գնում է նրան, որ տեղի կունենա ինչ-որ մի պայմանավորվածություն Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևմուտքի միջև, և այդ ճակատում կլինի հարաբերական համաձայնություն, որի դեպքում կողմերից որևէ մեկը ջախջախիչ պարտություն չի կրի կամ հաղթանակ չի տանի»:

Ըստ քաղաքագետի՝ այս դեպքում լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը շատ փոքր է, որովհետև այս դեպքում բոլոր խաղացողները կլինեն խաղի մեջ, առևտուրը ընթանում է և այդ առևտրի ժամանակ կողմերն իրենց շահերն են ներկայացնում՝ փորձելով այդ շահերը տարբեր կերպ իրականացնել:

«Այսպիսի լոկալ բախումներ, սադրանքներ, իհարկե, անընդհատ շարունակվելու են, բայց շատ մեծ է հավանականությունը, որ այնտեղ կլինի համաձայնություն, իսկ եթե այնտեղ լինի համաձայնություն, այստեղ լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չի լինի», -եզրափակեց Ղևոնդյանը:

 

Ն.Բ.

 

Լրահոս

Դիտել ավելին