Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրմանն առնչվող հարցեր․ ՀՀ ԱՆ

28 Մարտ, 2022 20:35
 Քննարկվել են Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրմանն առնչվող հարցեր․ ՀՀ ԱՆ

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրի մշակումն իրականացնող աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` թիմի ղեկավար, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են շտապ բժշկական օգնության ծառայության արագ արձագանքման, մեկ միասնական կենտրոնից ղեկավարման հնարավորությունները:

Փոխնախարար Արմեն Նազարյանը նշել է, որ աշխատանքային քննարկումների վերջնարդյունքը պետք է լինի հանրապետության ամբողջ տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպումը:

Մոդելի մշակման համար կիրականացվի շտապ օգնության ծառայությունների առկա վիճակի վերլուծություն, մարդկային և նյութական ռեսուրսների գնահատում:

Միջազգային փորձի, ինչպես նաև շտապ բժշկական օգնության գործող մոդելների և գործելակարգերի ուսումնասիրության նպատակով թիմի աշխատանքներում ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ: Նախատեսված են նաև հանդիպումներ, մարզային այցելություններ և քննարկումներ:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամենամսյա հանդիպումների միջոցով ամփոփել ընթացիկ աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին