Կարևոր իրադարձություններ

Վեդիում ընտրություններին գրանցվել է 10 հանցավոր խախտում․ դատախազություն

28 Մարտ, 2022 13:38
 Վեդիում ընտրություններին գրանցվել է 10 հանցավոր խախտում․ դատախազություն

Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք. 6-ով նյութեր են նախապատրաստվում:Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ:

ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ:

Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ Վեդի խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր ընտրախախտումների 6 դեպք:

Մասնավորապես՝

քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում,

ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում,

առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը Նոր ուղի, մյուսը Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում,

հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք՝ Լուսառատ բնակավայրում:

ՀՀ Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ նշված բոլոր 6 դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Բացի այդ, ևս 4 դեպքի վերաբերյալ դատախազության կողմից նախաձեռնվել է ԶԼՄ համապատասխան հրապարակումներում նշվող հանգամանքներն ստուգելուն, դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելուն ուղղված ստուգման գործընթաց:

Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին