Կարևոր իրադարձություններ

Անցկացվել է գիտաժողով՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով (լուսանկարներ)

24 Մարտ, 2022 20:47
Անցկացվել է գիտաժողով՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով (լուսանկարներ)

Հայաստանում տուբերկուլոզի հակազդումը առողջապահության գերակա խնդիրներից մեկն է, և այն սահմանված է մեր երկրում տուբերկուլոզի վերացման 2021-2025 թվականների ազգային ռազմավարական ծրագրով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Այս տարի իրականացվող միջոցառումներն ընթանում են «Միավորենք մեր ջանքերն ընդդեմ տուբերկուլոզի, փրկե՛նք կյանքեր» կարգախոսով։

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կայացել է «Տուբերկուլոզի հաղթահարման ճանապարհին» խորագրով գիտաժողովը:

Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լենա Նանուշյանը և Արմեն Նազարյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի, Գլոբալ հիմնադրամի, Կարմիր խաչի ներկայացուցիչներ, ԲԿ-ների ղեկավարներ և ոլորտի մասնագետներ:

Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը խոսել է Հայաստանում տուբերկուլոզային հիվանդացության ցուցանիշի նվազման մասին. 100,000 բնակչի հաշվարկով այն կազմել է 13.4 2011-ի 56.2-ի փոխարեն: Նվազել է նաև մահացության ցուցանիշը:

«Այս ձեռքբերումները մեր բոլորի համատեղ աշխատանքի, ջանքերի և ներդրումների արդյունք են, և այս համաժողովն էլ նպատակ ունի նոր թափ հաղորդելու մեր համագործակցությանը` տուբերկուլոզի դեմ պայքարի հետագա չորս տարիների ռազմավարական նպատակների և նախատեսված թիրախներին հասնելու համար, ինչը համահունչ է մինչև 2030 թվականն աշխարհում տուբերկուլոզի վերացման գլոբալ մարտահրավերին»,- նշել է նախարարը:

Տուբերկուլոզային բուժօգնությունը համարվում է Թոքաբանության ազգային կենտրոնի առանցքային ծառայությունը: Կենտրոնի նպատակն է արագ, ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը, իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում:

«Կենտրոնն ունի շնչառական օրգանների թե՛ մասնագիտացված, թե՛ ոչ տուբերկուլոզային բաժանմունքներ, վիրաբուժական, մանկական, արտաթոքային, անզգայացման ու վերակենդանացման, նեղ մասնագիտական բաժանմունքներ, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող պացիենտների համար առանձին տուբերկուլոզային ծառայություններ: Կենտրոնը հագեցված է ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ սարքավորումներով, հիմնանորոգված են շենքային ստորաբաժանումները, հարմարավետ են դարձել հիվանդասենյակները: Կենտրոնում աշխատում են իրավամբ իրենց գործի նվիրյալներ, ովքեր տարիներ շարունակ իրենց ներդրումն են ունեցել՝ նպաստելու պացիենտի շուտափույթ ապաքինմանը: Մեր կենտրոնի տեսլականն է ստեղծել երկիր, որն ազատ է ՏԲ-ից, ինչը համահունչ է 2021-2025 թվականների ազգային ռազմավարության ծրագրի դրույթներին»,- ընդգծել է Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը:

Տուբերկուլոզի ծրագրային գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանում տուբերկուլոզի ազգային ծրագրի ռազմավարության դրույթներին, մարտահրավերներին և ձեռքբերումներին, ներկայացրել տիրող համաճարակային վիճակը:

«ՏԲ-ի դեմ պայքարում մեր նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է համախմբել մեր կարողությունները և հնարավորությունները հասարակական կազմակերպությունների հետ և համատեղել պետական և միջազգային աջակցությունները, մասնավորապես` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի շարունակական աջակցությունը»,- հատկանշել է Նաիրա Խաչատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին