Կարևոր իրադարձություններ

Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ ԿԲ-ի նախագահին առցանց գործարքների անվտանգության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության հարցով

23 Մարտ, 2022 18:20
Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ ԿԲ-ի նախագահին առցանց գործարքների անվտանգության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության հարցով

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ համակարչի օգնությամբ կատարված հանցագործություններին առնչվող քրեական գործերի ուսումնասիրությունը փաստում է, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպությոններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը: Որպես կանոն, նշված բնույթի  հանցագործությունները կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։

 

Մասնավորապես՝ հանցավորները տարբեր սոցիալական ցանցերում և առավելապես «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ: Դրանց միջոցով նամակագրություն են հաստատել նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ այն մասին, որ անկախ նրանց վատ վարկային պատմություն ունենալու հանգամանքից, կարող են օգնել վարկեր ստանալու հարցում:

 

Այդ պատրվակով քաղաքացիների անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու  համար նշված անձինք պահանջել և ստացել են քաղաքացիների անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում:

 

Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակների տվյալները, հանցագործները փոխել են դրանց կցված բջջային հեռախոսահամարներն ու կցել իրենց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող հեռախոսահամարները: Ապա էլեկտրոնային դրամապանակների միջոցով հիշյալ անձանց անվամբ տարբեր բանկերում առցանց եղանակով ձևակերպել են վարկային պայմանագրեր և հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաև դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները:

Առանձին դեպքերում հանցանք կատարած անձինք այլ անձանց անձնագրային տվյալներն օգտագործել են առանց նրանց գիտության: Եվ նրանց անվամբ առցանց ձևակերպած և ստացած վարկերը հափշտակելով՝ ստացված գումարը նրանք փոխանցել են բուքմեյքերական կայքերում իրենց կամ այլ անձանց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող խաղային հաշիվներին կամ ուղղակի կանխիկացրել են:

 

Վերլուծությունը վկայում է, որ նշված հանցատեսակների աճին նպաստել է ոչ միայն բանկային գործառնությունների, այդ թվում՝ առցանց վարկերի տրամադրման հնարավորությունների աճը: Էական նշանակություն է ունեցել նաև այդ գործառնությունների անվտանգության մեխանիզմները հանցավոր պրակտիկայում հաղթահարելու առկա հնարավորութունները, այդ մեխանիզմների չկատարելագործված լինելը. օրինակ, էլեկտրոնային դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը:

 

Այսինքն դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը բարդացնելը, ի սկզբանե գրանցված հեռախոսահամարին այդ մասին տեղեկություն ուղարկելը կամ դրա միջոցով հաստատում պահանջելը, կարող են նպաստել նման դեպքերի կանխմանը:

 

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ներկայացված եղանակով կատարվող հանցագործությունները նախականխելու, կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնոդրագիր է հասցեագրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝  միջոցներ ձեռնարկելու առցանց գործարքների կատարման ժամանակ անվտանգության կատարելագործված մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին