Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է վերացնել պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքին առնչվող սահմանափակումը

23 Մարտ, 2022 14:49
Առաջարկվում է վերացնել պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքին առնչվող սահմանափակումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախարարը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձեւավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնել են հողամասերի ընդլայնման խնդիրը:

Առաջարկվում է վերացնել օրենսգրքի՝ պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքին առնչվող սահմանափակումը, որը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար: Ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելն անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որեւէ շինություն, իսկ հողամասի ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել միայն մեկ անգամ:

Նախագծով առաջարկվում է հանել նշված երկու սահմանափակումները, քանի որ դրանք արհեստական խոչընդոտ են ստեղծում կառուցապատողների համար: Վերջիններս հաճախ ստիպված են լինում որեւէ շինություն կառուցել հողամասի վրա՝ կատարելով ձեւական պահանջը:

Վահան Քերոբյանի համոզմամբ՝ նախագծի ընդունումը կնպաստի կառուցապատման ոլորտում առկա խոչնդոտների նվազեցմանը եւ գործարար միջավայրի բարելավմանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին