Կարևոր իրադարձություններ

Ազատանում բացվել է ոչխարաբուծության գենետիկ կենտրոն

22 Մարտ, 2022 20:26
Ազատանում բացվել է ոչխարաբուծության գենետիկ կենտրոն

Ազատանում այսօր բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն։ Նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

«Կարծում եմ՝ կենտրոնի հիմնադրումը ևս մեկ նախադրյալ է գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար՝ մեկ նոր քայլ դեպի ապահով գյուղատնտեսություն։ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, գյուղատնտեսական բնագավառի աջակցության ծրագրերի խթանման արդյունքում նախորդ տարիների համեմատ այժմ մարզում ունենք անասնագլխաքանակի աճ, մասնավորապես, ոչխարաբութության առումով։ Լիահույս եմ, որ այս կենտրոնը կծառայի նպատակին և կլինի նախադեպ ոլորտի զարգացման համար»,-բացման խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Տիգրան Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, այլ հյուրեր։

Ծրագրի նպատակը մաքրացեղ ոչխարների բուծումը, բազմացումն ու արհեստական սերմնավորումն է, տարածաշրջանի ոչխարաբույծներին աջակցելու նպատակով կիրականացվեն նաև ախտորոշիչ և անասնաբուժական ծառայություններ։ Կենտրոնը ստացել է մաքրացեղ կենդանիներ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ սարքավորումներն արհեստական սերմնավորման, կենդանիների հղիության հաստատման և որոշ հիվանդությունների ախտորոշման համար։

Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին