Կարևոր իրադարձություններ

Հայտնի են «Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

19 Մարտ, 2022 22:35
Հայտնի են «Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

«Վարչապետի Գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին ավելի քան 1600 հոգի է մասնակցել: Մինչ այս` 2021-ին, անցկացվել են նաև կրոսավազքի ու հեծանվավազքի մրցաշարեր: Սեղանի թենիսի եզրափակիչ, լարված խաղին հետևում են նաև վարչապետը, առողջապահության, ԿԳՄՍ նախարարները:

Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ- Ամեն տարի մենք ձեռք ենք բերելու գույք: Մրցաշարից հետո այն բաժանվելու է, որպեսզի հետո կարողանանք մի օր խոսել 10.000-ի մասին: Դա կլինի 4-5 տարի հետո, բայց հաստատ լինելու է: Սիրողական սեղանի թենիսն անգամ լավ վիճակում է: Ի վերջո, մենք ունեցել ենք Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ. ժամանակն է, որ այդ ավանդույթները վերականգնվեն:

Մարզային և եզրափակիչ փուլերը երկու տարիքային խմբում էին անցկացվում: Առաջինում ընդգրկված էին 18-ից 35 տարեկան կանայք և 18-ից 40 տարեկան տղամարդիկ, երկրորդում՝ 36 և բարձր տարիքի կանայք ու 41 և բարձր տարիքի տղամարդիկ: Մարզային փուլին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Երևանը՝ 512 հոգի, երկրորդում Լոռին է՝ 180 մասնակցով, իսկ երրորդում Գեղարքունիքը. այստեղից է 148 մասնակից: Գարիկ Չախոյանը 18-ից 40 տարեկանների խմբում ոսկե մեդալակիր է:

Գարիկ Չախոյան («Վարչապետի Գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթող- Ժամանակին զբաղվել եմ պրոֆեսիոնալ սեղանի թենիսով, արդեն 10 տարուց ավելի է` չեմ զբաղվում, թողել եմ սպորտը: Շատ լավ պայքար ստացվեց տարիքային և բոլոր` թե՛ տղամարդկանց, թե՜ կանանց ասպարեզում: Դե, հնարավոր շանսերը գիտեինք, որ բարձր էր, մասնակցեցինք ու ստացվեց էնպես, ինչպես ստացվեց:

18-ից 35 տարեկան կանանց խմբում թեժ պայքար էր Աելիտա Ղազարյանի և Հռիփսիմե Ղուկասյանի միջև: Գեղեցիկ խաղում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Աելիտան: Նա սեղանի թենիսով զբաղվել է 6 տարեկանից, 12 տարի առաջ հրաժեշտ տվել պրոֆեսիոնալ սպորտին:

Աելիտա Ղազարյան («Վարչապետի Գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթող- Կարևոր էր այնքանով, որ նախ սիրողական էր, և մրցաշարին ընդգրկվում էին ոչ պրոֆեսիոնալ մարզիկները: Այսինքն` էն մարդիկ, ովքեր չեն զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, սկսեցին նրանք էլ զբաղվել: 

1-ինից 20-րդ տեղեր գրաված ընդհանուր առմամբ 80 մասնակիցներ ստացան 1 միլիոնից մինչև 50.000 դրամ դրամական պարգևներ, բրոնզե, արծաթե ու ոսկե մեդալակիները նաև գավաթներ: Մրցանակակիրներին շնորհավորելու եկած վարչապետը վստահեցրեց՝ առողջ ապրելակերպ քարոզելու համար «Վարչապետի գավաթը» շարունակական կլինի, կհամալրվի նոր մարզաձևերով: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց՝ տարեցտարի մասնակիցների թիվն ավելի շատ կլինի:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ- Ճիշտ է` մեր մրցաշարերը սիրողական բնույթ ունեն, բայց սիրողական սպորտի մասսայականություն է, որ հաջողություններ է բերում պրոֆեսիոնալ սպորտում: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, ասել, որ մենք դեռևս չկազմակերպած ևս երկու մրցաշար ունենք. Մեկը լողի մրցաշարն է, որ ամռանն արդեն հուլիսին տեղի կունենա Սևանա լճում, և ես պոտենցիալ մասնակիցների ուշադրությունն եմ ուզում հրավիրել:

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նաև «Վարչապետի գավաթ» ամենամյա պտտաձողի մրցաշար: Մինչև այդ ամռանը լողորդները պետք է ուժերը փորձեն Գեղամա ծովում:

 

Լրահոս

Դիտել ավելին