Կարևոր իրադարձություններ

Հակոբ Սիմիդյանն ու Ռայմոնդ Յելեյը քննարկել են փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի շրջանակ

19 Մարտ, 2022 20:45
Հակոբ Սիմիդյանն ու Ռայմոնդ Յելեյը քննարկել են փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի շրջանակ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեյի ղեկավարած պատվիրակության հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի շրջանակ։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրին, որի մեկնարկային աշխատաժողովը նախատեսված է 2022 թվականի ապրլի 4-ին։

Ծրագիրն ուղղված է մոտ 5,700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով անտառների կայուն կառավարում առնվազն 135,800 հեկտար անտառների դեպքում և ածխածնի կլանման կարողության ավելացում առնվազն 18.8 մետրական տոննա ածխածնի չափով (20 տարի) և արտանետումների պակասեցում 200,000 տոննա ածխածնի չափով (20 տարի)։

Թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում Լոռու մարզը և հարավում Սյունիքի մարզը՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ Ագրոանտառաբուծության ոլորտներում ներդրումների և կարողությունների զարգացման միջոցով ծրագիրը ջանքեր կգործադրի անտառային տարածքների ընդլայնման և ածխածնի քանակների նվազեցման ուղղությամբ՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը, նպաստելով անտառվերականգնմանը և անտառապատմանը, և, վերջապես, ներդնելով անտառների կայուն և կլիմային հարմարված կառավարման գործելակերպեր:

Նախարար Հակոբ Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարևոր են շրջակա միջավայրի զարգացմանն ու կայուն կառավարմանն ուղղված համագործակցության ծրագրերը։

Նախարարը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերի ներդաշնակեցումն ու միասնական օրակարգով առաջմղումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր։

Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը՝ առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման միջոցով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին