Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    461

  • EUR

    462,5
    480,5

  • RUB

    5,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը

16 Մարտ, 2022 21:23
Մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը

Մարտի 16-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը՝ նվիրված Երևանի պատմամշակութային ժառանգությանը, պահպանությանն ու հանրահռչակմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից։

Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Մարտի 16-17-ն անցկացվող աշխատաժողովի նպատակն է մայրաքաղաքի պատմությամբ և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողներին ներկայացնել Երևանի հնագույն, միջնադարյան, նախախորհրդային և խորհրդային ժամանակաշրջաններում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև արդի փուլում այդ ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը վերաբերող հարցերը: Աշխատաժողովին մասնակցում են գիտնականներ, պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանության ոլորտի մասնագետներ:

«Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Վարչության պետի խոսքով՝ անհնար է պատկերացնել Հայաստանի ժամանակակից կյանքն ու դրա զարգացման հեռանկարներն առանց պատմամշակութային ժառանգության, քանի որ այդ ժառանգությունը հայի ինքնաճանաչողության անկյունաքարերից է:

«Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության համար պատմամշակութային ժառանգությունն ունի նույն կարևորությունը, ինչ որ տարբեր երկրների համար ունեն բնական ռեսուրսները՝ նավթը, գազը, ոսկին: Մեզ համար մեր ոսկին մեր պատմությունը, մշակույթն ու պատմամշակութային ժառանգությունն է, և դրա պատշաճ պահպանությունն իր հետևից կարող է բերել երկրի զբոսաշրջային գրավչությանն ու զարգացմանը»,- նշել է Վանյանը և այս համատեքստում կարևորել պատմամշակութային ժառանգության ոլորտում նոր ուսումնասիրություններն ու դրանց տվյալների հանրահռչակումը, ինչին էլ նպաստում են այսօրինակ աշխատաժողովները, գիտաժողովներն ու սեմինարները:

Հարություն Վանյանի տեղեկացմամբ՝ աշխատաժողովը նվիրված է Երևանի պատմամշակութային ժառանգությանը և հատկապես վերջին տարիներին իրականացված ուսումնասիրություններին, այդ թվում՝ պեղումներին, որոնք գալիս են՝ լրացնելու մեր մայրաքաղաքի՝ հազարամյակների պատմության և հնագիտության սկզբնաղբյուրները:

Տեղեկացնենք, որ մարտի 17-ին՝ ժամը 11:30-ին, աշխատաժողովի աշխատանքները կշարունակվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում» (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, Վերնիսաժի հարևանությամբ), որտեղ նախատեսված են երկու նիստեր՝ «Երևանը՝ նախախորհրդային և խորհրդային», ինչպես նաև «Երևանը՝ անկախության շրջաններում» բաժանմամբ: Այս նիստերին ներկայացվող զեկուցումները կվերաբերեն նշյալ փուլերի հուշարձաններին և դրանց առնչվող հարցերին:

Նշենք, որ աշխատաժողովը կեզրափակվի կլոր սեղան-քննարկմամբ, որի ընթացքում կամփոփվեն աշխատաժողովի արդյունքները, ինչպես նաև կքննարկվեն Երևանի պատմամշակութային ժառանգությանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովին ներկայացվող թեմաներին կարելի է ծանոթանալ ծրագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին