Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    445
    455

  • EUR

    469,5
    487,5

  • RUB

    6,52
    7,87

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են, օգտվելով Ուկրաինայի շուրջ ծագած ռազմական հակամարտությունից, Կովկասում ստեղծել լարվածության նոր օջախ. «Հայաստանի Հանրապետություն»

16 Մարտ, 2022 09:50
Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են, օգտվելով Ուկրաինայի շուրջ ծագած ռազմական հակամարտությունից, Կովկասում ստեղծել լարվածության նոր օջախ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Վերջին օրերին ադրբեջանական կողմը կրկին ակտիվացրել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի գնդակոծումը։ Ավելին՝ այդ գնդակոծումների պատճառով պայթեցվել է հանրապետությունը սնող գազատարը։ Արցախն արդեն մեկ շաբաթ է, ինչ առանց գազ ու ջեռուցում է ապրում, նաեւ էլեկտրամատակարարման ընդհատումներ են սկսվել: Եվ այդ ամենը՝ ներկա սառնաշունչ օրերին, երբ գարունը դեռ լիակատար չի մտել իր իրավունքների մեջ: 

Այս անհանգստացնող փաստի վրա է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՌՀԿ ՀԽ) հրավիրում Ռւսաստանի Դաշնության իշխանությունների, պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ուժերի հրամանատարության ուշադրությունը: Օրերս նրանց ուղղված բաց նամակում կազմակերպությունը Արցախում ներկա իրավիճակը որակել է որպես «մարդասիրական աղետ»: 

«Ադրբեջանական կողմը ցուցադրաբար անտեսում է ռուսաստանյան խաղաղարարների կողմից խնդիրը խաղաղ միջոցներով լուծելուն ուղղված բոլոր ջանքերը,- արձանագրում են դիմումի հեղինակները:- Ըստ ամենայնի՝ Ադրբեջանի իշխանությունները, որոնց ակնհայտորեն առաջ են մղում թուրքական եւ ուկրաինական կողմերը, պատրաստ են, օգտվելով Ուկրաինայի շուրջ ծագած ռազմական հակամարտությունից, Կովկասում ստեղծել լարվածության նոր օջախ՝ Ռուսաստանի ուժերն ու ուշադրությունը շեղելու, այսպես ասած՝ «երկրորդ ռազմաճակատ» բացելու նպատակով»:

ՌՀԿ ՀԽ-ն փաստում է, որ Ռուսաստանում որոշ ադրբեջանամետ ուժեր ջանում են ԶԼՄ-ներում անընդհատ զրպարտել Հայաստանը, տարածել ակներեւաբար ստահոդ տեղեկատվություն: Ընդ որում՝ զրպարտիչները դիտավորյալ «չեն նկատում», որ Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայ համայնքն այն սակավներից էր, որ հայտարարեց Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որդեգրած քաղաքականությանը լիովին, հաստատակամ ու գործնական սատարելու մասին: Այդ կապակցությամբ հիշեցվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները  2022 թ. փետրվարի 22-ին պաշտոնապես ողջունեցին Ռուսաստանի Դաշնության կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը:

Ռուսաստանյան կողմի ուշադրությունը հրավիրվում է նաեւ այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն կոպտորեն խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան իր իսկ ստանձնած պարտավորությունները: Մինչդեռ հենց այդ հայտարարության հիման վրա է ԼՂ-ում տեղակայվել ռուսաստանյան խաղաղարար քանակակազմը: Այդ կապակցությամբ համակարգող խորհուրդը Ռուսաստանի ղեկավարությանը կոչ է անում ձեռնարկել տվյալ հայտարարությունից, ինչպես նաեւ Արցախում ռուսաստանյան խաղաղարար ուժերի իրավունքներն ու պարտականությունները հաստատող Վ. Պուտինի համապատասխան հրամանագրերից բխող բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սպասվելիք մարդասիրական աղետը կանխելու համար:

«Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, ՌԴ պաշտպանության նախարարությանը եւ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղարար ուժերի հրամանատարությանը՝ հաստատուն կամք դրսեւորելու եւ Հարավային Կովկասում իրավիճակն անկայունացնելու փորձերի առաջն առնելու կոչով: Հորդորում ենք, որ ռուսաստանյան խաղաղարար զորամիավորումը հնարավորինս շուտ նպաստի Լեռնային Ղարաբաղ մտնող գազատարի բնականոն աշխատանքի վերականգնմանը: Կոչ ենք անում նաեւ գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի տարածքից Արցախի խաղաղ գյուղերի գնդակոծումները կանխարգելելու ուղղությամբ»,- նշվում է բաց նամակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 



 

Լրահոս

Դիտել ավելին