Կարևոր իրադարձություններ

Հանրային ծառայողը պարտավոր է չընդունել որեւէ նվեր դրամական միջոցի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

16 Մարտ, 2022 09:25
Հանրային ծառայողը պարտավոր է չընդունել որեւէ նվեր դրամական միջոցի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագիծ է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն դրվել է հանրային քննարկման: Մեզ հայտնի դարձավ, որ հանրային ծառայողների վարքագծի պարտադիր կանոնները ձեւավորվում են հետեւյալ բաղադիրչներից՝ հարգալիրություն եւ գնահատանք, օրինականություն, բարեխղճություն եւ հավատարմություն հանրային շահին, թափանցիկություն եւ հաշվետվողականություն, բարեկրթություն, անաչառություն, օբյեկտիվություն եւ խտրականության բացառում, շահերի կառավարում, նվերների ընդունման արգելք, քաղաքական չեզոքություն եւ քաղաքական զսպվածություն եւ այլն։

Նշենք, որ հանրային ծառայողը պարտավոր է չընդունել որեւէ նվեր դրամական միջոցի կամ դրամական միջոցի փոխարկվող այլ գործիքի տեսքով, օրինակ՝ նվեր քարտեր, վիրտուալ տարադրամներ, բանկային մուրհակներ, ճամփորդական չեկեր եւ այլն։ Ըստ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների՝ հանրային ծառայողը պարտավոր է աշխատանքի ներկայանալ գրասենյակային ոճի հագուստով։ Հանրային ծառայողին արգելվում է թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր օգտագործելը կամ ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատանքի ներկայանալը։

Ավելին, հանրային ծառայողին արգելվում է աշխատանքի վայրում ծխել: Եւ ամենակարեւորը՝ հանրային ծառայողը պարտավոր է իր պարտականությունները կատարելիս դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, այդ թվում՝ հրապարակայնորեն չարտահայտել իր քաղաքական տեսակետները, ձեռնպահ մնալ այնպիսի վարքագիծ դրսեւորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել: Նաեւ հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց, քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ հրապարակելուց կամ սոցիալական էջերում քաղաքական որեւէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմատատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց:

Արձանագրենք, որ այսօր բազմաթիվ են այն հանրային ծառայողները, որոնք սոցիալական ցանցերում իրենց անմիջական ղեկավարներին պաշտպանող գրառումներ են անում»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին