Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի նման պահվածքը կարելի է գնահատել միայն որպես ուկրաինական հակամարտությունից օգտվելու փորձ. «Հայաստանի Հանրապետություն»

15 Մարտ, 2022 09:22
Ադրբեջանի նման պահվածքը կարելի է գնահատել միայն որպես ուկրաինական հակամարտությունից օգտվելու փորձ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերի ավելացումը եւ արդեն ականանետների կիրառումը ոչ միայն Արցախի ժողովրդի, այլեւ հրադադարի ռեժիմը պահպանող ռուսական խաղաղապահ առաքելության դեմ են ուղղված: Արցախի ժողովուրդը սովորել է ճակատագրի հեգնանքով իրեն հարեւանի կարգավիճակի բախտին արժանացրած ադրբեջանցիների սադրանքներին, որոնց առանձնապես ուշադրություն չի էլ դարձնում: Սա լավ գիտի պաշտոնական Բաքուն, հետեւաբար՝ նրա նման պահվածքը կարելի է գնահատել միայն որպես ուկրաինական հակամարտությունից օգտվելու փորձ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի ուշադրությունն ուղղված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանը գործողություններ է իրականացնում, որոնք 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստացի խախտում են եւ, ըստ էության, Ռուսաստանին մեջքից հարված:

Այսօր առավել առարկայական է դառնում այն վարկածը, որ պաշտոնական Բաքուն Թուրքիայի հորդորով ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձեր է անում: Այս գործողություններն ուղեկցվում են Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի դեմ արշավով: Վերջինս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թ. նոյեմբերից մինչեւ 2021 թ. մայիսը, երբ այն ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Ներկայում Վոլկովը նաեւ ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։ Ադրբեջանական կողմը դժգոհում է, որ ռուս գեներալը չի ձերբակալում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինվորականներին՝ վերջիններիս ներկայացնելով որպես «ահաբեկիչներ»: Ադրբեջանը, փաստորեն, իր ներկայացմամբ, ՌԴ ԶՈւ բարձրաստիճան սպային մեղադրում է «ահաբեկիչների» հետ համագործակցելու մեջ: Այստեղ խնդիրը նման անհեթեթ եւ ծիծաղելի  հայտարարությունների մեջ չէ, այլ՝ ՌԴ խաղաղապահների դեմ Ադրբեջանի կտրուկ գործողությունների: Հայաստանից Արցախ գնացող գազատարի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածի վնասումն էլ լիովին տեղավորվում է վերոշարադրյալ ընդհանուր սցենարի մեջ:

Ռուսաստանը, անշուշտ, կպատասխանի Ադրբեջանին նման ոչ գործընկերային եւ ոչ դաշնակցային պահվածքի համար, բայց Արցախում արձանագրված վերջին իրադարձությունները ընդգծում են մեկ այլ բացարձակ ճշմարտություն: Դրանք փաստում են, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Ադրբեջանը պատրաստ չէ հրաժարվելու Արցախը հայաթափելու իր ծրագրից, ինչպես դա արել է վերջին 100 տարվա ընթացքում Նախիջեւանում, Դաշտային Ղարաբաղում եւ այլ պատմական հայաբնակ վայրերում:

Պաշտոնական Բաքվի այս վարքն ավելորդ անգամ փաստում է, որ Արցախի ժողովրդի իրավունքը եւ, ընդհանրապես, գոյությունը կարող է ապահովել միայն Արցախի Հանրապետությունը, իսկ դրա համար նրա՝ որպես անկախ, ինքնիշխան պետության ճանաչումն այլընտրանք չունի: Մարտի 10-ին երեկոյան հրավիրված արտահերթ նիստում Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց դիմում՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին եւ համապատասխան կառույցներին: Ուղերձում ամրագրելով, որ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը եւ պատրաստ չէ հարատեւ խաղաղության հաստատմանը, Արցախի խորհրդարանը հորդորել է վերոնշյալ կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։

«Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող եւ քաղաքակիրթ որոշումը»,- ասված է հայտարարության մեջ: ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հայտարարեց, որ ստեղծված իրողությունն Արցախի ԱԺ-ին եւ նախագահին պարտադրում է դիմել ՀՀ-ին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներին, որպեսզի հանուն արցախահայության կյանքի անվտանգության եւ ապրելու իրավունքի ճանաչեն Արցախի անկախությունը։

Ադրբեջանի վերջին գործողությունները հստակ ահազանգ են միջազգային հանրության համար, որ այդ երկիրը պատրաստ չէ առանց կարգավիճակի Արցախի հետ խաղաղ գոյակցության: ԱԺ հայտարարությունը նաեւ պատասխանատվության մեծ բեռ է դնում միջազգային իրավասու մարմինների վրա՝ ամրագրելով, որ նրանք իրենց լռությամբ պատասխանատու են Արցախում հնարավոր աղետաբեր զարգացումների համար: Պաշտոնական Բաքուն իր գործողություններով օրեցօր ավելի անհնարին է դարձնում տարածաշրջանում խաղաղության հաստատումը քաղաքական բանակցությունների միջոցով, ինչն այլընտրանք չի թողնում Արցախի Հանրապետությունը ճանաչելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին