Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարարը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին

12 Մարտ, 2022 17:35
ԱԳ նախարարը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ:

Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց

անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։

Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին