Կարևոր իրադարձություններ

Պետական ռեգիստրի գործակալությունն անցել է սպասարկման արտակարգ ռեժիմի․ ՀՀ ԱՆ

10 Մարտ, 2022 19:30
Պետական ռեգիստրի գործակալությունն անցել է սպասարկման արտակարգ ռեժիմի․ ՀՀ  ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Վերջին ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության  Պետական ռեգիստրի գործակալությունում արձանագրված հերթի գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու և քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու առաջնահերթությունից ելնելով՝ գործակալությունն անցել է սպասարկման արտակարգ ռեժիմի: Երևան քաղաքի սպասարկման բաժնի աշխատանքների իրականացմանն են միացել մարզային գրասենյակների 7 աշխատակիցներ, ինչպես նաև Հասարակական միավորումների գրանցման և Հրապարակային ծանուցումների բաժնի աշխատակիցներ, արդյունքում Երևան քաղաքում սպասարկում իրականացնող աշխատակիցների թիվը էականորեն գերազանցում է ստանդարտ օրերին դիմումներ ընդունող աշխատակիցների քանակին։ Սպասարկման՝ Կոմիտաս 49/3 հասցեում գտնվող գրասենյակի,  Երևանի հանրային ծառայությունների միասնական գրասենյակի, ինչպես նաև Արդարադատության նախարարության ընդունարանի մի քանի պատուհաններ ժամանակավորապես տրամադրվել են Պետական ռեգիստրի գործակալությանը՝ դիմումներ ընդունելու և հաշվառման/գրանցման գործառույթներ իրականացնելու նպատակով։ Նախաձեռնված քայլերի արդյունքում արդեն իսկ նկատվել է դրական տեղաշարժ։

Արդարադատության նախարարությունը լիահույս է, որ ձեռնարկված միջոցները բավարար կլինեն արձանագրված գերծանրաբեռնված հերթերի խնդիրը լուծելու համար։

Շնորհակալ ենք ըմբռնման համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին