Կարևոր իրադարձություններ

Հայաստան արտերկրից քիչ են փող ուղարկել. «Ժողովուրդ»

10 Մարտ, 2022 09:33
Հայաստան արտերկրից քիչ են փող ուղարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 40 միլիոն 457 հազար դոլար:

Նկատենք, որ, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 36 մլն 830 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հունվարին տրանսֆերտները շարունակել են դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հունվար ամսին կազմել է 17 մլն 546 հազար դոլար։

Այս ցուցանիշը, 2021 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ, բավականին նվազել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:

Փաստորեն, տարեսկզբին 20 մլն 375 հազար դոլարի չափով նվազել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը եւս պակասել է. եթե նախորդ տարվա դեկտեմբերին այն կազմել է 44 մլն 212 հազար դոլար, ապա հունվարին դարձել է 27 մլն 623 հազար դոլար:

Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է: Մասնագետների խոսքերով՝ ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի նաեւ տրանսֆերտների վրա: Այլ կերպ ասած՝ տրանսֆերտների բլոկը մեծ վնաս կկրի»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին