Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին զրպարտելու գործին․ ԱՀ ՄԻՊ

07 Մարտ, 2022 22:27
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին զրպարտելու գործին․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատվական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին։ Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և, միաժամանակ, հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար։

Մարտի 6-ին Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներով կրակոցներ էր արձակել ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ուղղությամբ, իսկ այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն հատվածում կիրառվել է ականանանետ, արձակված արկերը պայթել են գյուղի գերեզմանոցի հարևանությամբ։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Նկարագրված գործողություններին զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին և հատկապես հրամանատարական կազմին վարկաբեկելու և զրպարտելու գործին։

Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր գործողությունները և ռուս խաղաղապահներին ուղղված զրպարտանքները կրում են համակարգային և ուղղորդված բնույթ, կազմակերպվում են ադրբեջանական իշխանությունների իմացությամբ և նրանց հրահանգով։

Արձանագրվող բոլոր դեպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի ուղիղ և անառարկելի դիտավորությունը՝ խաթարելու Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության բնականոն կյանքը և էթնիկ զտման ենթարկելու Արցախը»։

 

Լրահոս

Դիտել ավելին