Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հիմնել ռազմական ամբիոններ

04 Մարտ, 2022 20:29
Առաջարկվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  հիմնել ռազմական ամբիոններ

Մարտի 4-ին  ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Օրակարգում ընդգրկված էր ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցը։

Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հակոբյանը։ 

Փաթեթով առաջարկվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  հիմնել ռազմական ամբիոններ։ Վերջիններիս  գործունեությունը միտված կլինի ուսանողակենտրոն միջավայրի, ռազմական կրթության մրցունակության ապահովմանը, ինչպես նաև ռազմական պատրաստության ծրագրերով պահեստազորի սպաների պատրաստմանն ու  երիտասարդների ռազմահայրենասիրական և ռազմամասնագիտական կողմնորոշման իրագործմանը։

Նախագծերի վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին նախարարը տվել է պարզաբանումներ։

Օրինափաթեթը միաձայն դրական եզրակացությամբ ներկայացվելու է առաջիկա ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին