Կարևոր իրադարձություններ

«Հայփոստ»-ին պատկանող ինկասացիայի ավտոմեքենայից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա տղամարդ․ ՔԿ

04 Մարտ, 2022 16:12
«Հայփոստ»-ին պատկանող ինկասացիայի ավտոմեքենայից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա տղամարդ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ «Հայփոս» ՓԲԸ-ին պատկանող ինկասացիայի ավտոմեքենայից կատարված գողության դեպքը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի մարտի 2-ին՝ ժամը 13:50-ին, քաղաքացին զանգահարել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Չարենցավան քաղաքի «Հայփոստ» բաժանմունքի դիմաց կայանված հիշյալ ինկասացիայի ավտոմեքենայից անհետացել է  կենսաթոշակների համար նախատեսված գումարով պարկը, որի մեջ եղել է 6.500.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, ով տվել է խոստովանական ցուցմունք և պատրաստակամություն հայտնել ներկայացնել գողոնը:

33-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարված խուզարկության ժամանակ, վերջինս ներկայացրել է իր բնակարանում պահվող 6.500.000 ՀՀ դրամ գումարը, որն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին