Կարևոր իրադարձություններ

Կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը հրամայական է. Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

03 Մարտ, 2022 10:32
Կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը հրամայական է. Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մարտի 2-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ անդամակցություն 30-ամյակին և Դիվանագետի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հասարակաքաղաքական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ելույթով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ-ում ՀՀ առաջին մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիյան, որը ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի ուղերձը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ դիվանագետներին վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև հայտարարվել է բարձրագույն դիվանագիտական աստիճանների շնորհման մասին։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․

«Մեծարգո' Հանրապետության նախագահի պարտականություններ կատարող,

Մեծարգո' պարոն վարչապետ,

Գործադիր, օրենսդիր, դատական մարմինների հարգելի' գործընկերներ,

Սիրելի' դիվանագետներ,

Տիկնա'յք և պարոնայ'ք,

Ուղիղ 30 տարի առաջ Նյու Յորքում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում, ծածանվեց Հայաստանի նորանկախ Հանրապետության եռագույնը: Մի քանի րոպե տևած այս միջոցառումը տրամաբանական հանգրվանն էր 1988 թվականին մեկնարկած համազգային շարժման, որը կրում էր մեր ժողովրդի ազգային երազանքը՝ ապրել ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում։ Այն տրամաբանական հանգրվանն էր տասնամյակներ և հարյուրամյակներ առաջ մեկնարկած համազգային իղձերի և փնտրտուքների՝ վերականգնել Հայոց անկախ պետականությունը։

Պատահական չէ, որ հենց անկախ ազգերի ընտանիքին՝ ՄԱԿ-ին, Հայաստանի Հանրապետության անդամակցության այդ օրը՝ մարտի 2-ը, հետագայում հռչակվեց որպես դիվանագետի և դիվանագիտական ծառայության օր Հայաստանում: Եվ այսօր, կարծում եմ, արժե վերհիշել այն ճանապարհը, որն անցել է հայկական դիվանագիտությունը և արտաքին գործերի նախարարությունը վերջին երեսուն տարիների ընթացքում։

Արտաքին գործերի նախարարությունը հիմնադրվեց մեր ժողովրդի համար բարդագույն օրերին, երբ ընթանում էր արցախյան առաջին պատերազմը։ Ըստ էության, ԱԳՆ-ում մեկ հովանու տակ հավաքվեցին անկախական շարժման ներկայացուցիչներ, նախկին Խորհրդային Միությունում արդեն իսկ ծառայած դիվանագետներ և Սփյուռքից ժամանած պրոֆեսիոնալներ, ում ուսերին էր դրված մեր գերատեսչության հիմնադրման և միևնույն ժամանակ` արտաքին աշխարհում արդեն Հայաստանի Հանրապետության պետական շահի առաջմղման առաքելությունը։

Անցած 30 տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը, ինչպես և մեր պետությունն, անցավ բազմաթիվ վայրիվերումների միջով և ՀՀ պետական շահը սպասարկելու առանցքային առաքելության մեջ կարողացավ գրանցել թե' կարևոր հաջողություններ, թե' թերացումներ և անհաջողություններ։ Հաջողություններով, անշուշտ, պետք է հպարտանալ։ Ձախողումների մասին պետք է առանց վարանելու ուղիղ խոսել և վերլուծել, կատարել անհրաժեշտ էական շտկումները։ 

Իմ մասնավոր գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմը՝ հակառակորդի ագրեսիվ հակահայ քաղաքականությանը և բազմաթիվ արտաքին մյուս կարևոր գործոններին զուգահեռ, ներհայաստանյան կամ, եթե կուզեք, նույնիսկ ներհայկական իմաստով հետևանք էր նաև ողջ հայ քաղաքական մտքի, այդ թվում և՝ դիվանագիտական մտքի, երկարամյա, ոչ սթափ վերլուծությունների և գնահատականների:

Սա անհրաժեշտ է արձանագրել, որովհետև դրա հետ կապված խնդիրները և մարտահրավերները այս պահին էլ չափազանց առարկայական են, ուստիև կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը այսրոպեական հրամայական է։

44-օրյա պատերազմից հետո, այսօր ստեղծված իրավիճակում, երբ աշխարհն արագորեն փոփոխվում է, և Հայաստանի առաջ ծառացած են լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարծում եմ՝ մենք, հարգելի՛ դիվանագետներ և գործընկերներ, պարտավոր ենք նախևառաջ բացել մեր միտքը, ապա և՝ աշխատել ուժերի գերլարմամբ և ծայրահեղ կարգապահությամբ՝ Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը վերականգնելու, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն կառուցելու, դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններն ավելի խորացնելու, մյուսների հետ մեր ունեցած խնդիրներն արժանապատվորեն հարթելու, Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նրա մանդատի ներքո և բոլորին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա ԼՂ հիմնախնդիրը լուծելու, մեր ինքնիշխանությունն ամրապնդելու, ընդհանուր առմամբ՝ մեր հայրենիքի կենսական շահերը սպասարկելու` նրան իսկապես ծառայելու համար։ Ինչպես հենց ԱԳՆ-ում են սիրում իրավացիորեն նշել՝ արտաքին գործերի նախարարությունն, ըստ էության, ուժային կառույց է։ Եվ հենց այս տրամաբանությամբ պիտի նշեմ, որ մեզ բոլորիս անհրաժեշտ է աշխատել զորանոցային ռեժիմով՝ անշեղորեն իրականացնելու մեր այս առաքելությունը։

Հարգելի' ներկաներ,

Այս տարիների ընթացքում արտաքին գործերի նախարարությունը կայացել է որպես ուրույն ավանդույթներ ունեցող կառույց, որոնք, անկասկած, պիտի միասին փորձենք պահպանել։ Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում, որ շարունակենք արտաքին գործերի նախարարության հետագա շարունակական կատարելագործումը և զարգացումը՝ 21-րդ դարի մեծ արագություններին և պահանջվող որակներին համարժեք։ Պիտի կարողանանք ավագ սերնդի հսկայական փորձը համադրել երիտասարդ տաղանդի և ժամանակակից կրթության հետ, իրականացնենք արդարացի և կայուն սերնդափոխություն։ Այս համատեքստում կարևորում եմ այն աշխատանքը, որն իրականացվում է դիվանագիտական դպրոցի կողմից և անկասկած պիտի շարունակվի։

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ շնորհավորել և երախտիքի խոսքեր հնչեցնել ԱԳՆ ստեղծման ակունքներում կանգնած գործընկերներին, Բուենոս Այրեսից մինչև Պեկին մեր 45 դեսպանություններում ծառայած և այս պահին ծառայող մեր գործընկերներին, Սանկտ Պետերբուրգից մինչև Էրբիլ և Հալեպ մեր գլխավոր հյուպատոսություններում մեր քաղաքացիներին և հայրենակիցներին աջակցող մեր գործընկերներին, միջազգային կազմակերպություններում մեր մշտական ներկայացուցչություններում յուրաքանչյուր տառի ու ստորակետի համար կռիվ տվող մեր գործընկերներին։ Առանձնահատուկ կերպով ուզում եմ նշել այն գործընկերներին, ովքեր այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Մոլդովայում աշխատում են արտակարգ ռեժիմով՝ աջակցելու ռազմական գործողությունների գոտուց մեր քաղաքացիների անվտանգ վերադարձին հայրենիք։ Չեմ կարող մոռանալ, անշուշտ, ԱԳՆ-ում դիվանագիտական ծառայությանն աջակից գործառույթներ իրականացնող գործընկերներին։

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել գործադիրի և օրենսդիրի գործընկերներին, Եկեղեցուն, Սփյուռքում համայնքային կառույցների ներկայացուցիչներին, ում հետ մեր նախարարությունն ակտիվորեն աշխատել է անցած 30 տարիների ընթացքում: 

Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատու առաքելությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, առաջ մղելու մեր պետական շահը»:

 

Լրահոս

Դիտել ավելին