Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    445
    455

  • EUR

    469,5
    487,5

  • RUB

    6,52
    7,87

Կարևոր իրադարձություններ

Տեխնոլոգիական կրթության և գիտության տունը Պոլիտեխնիկն է․ ռեկտորի շնորհավորական խոսքը Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 89-րդ տարեդարձի առթիվ

01 Մարտ, 2022 21:58
Տեխնոլոգիական կրթության և գիտության տունը Պոլիտեխնիկն է․ ռեկտորի շնորհավորական խոսքը Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 89-րդ տարեդարձի առթիվ

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը շնորհավորական խոսք է հղել համալսարանի հիմնադրման 89-րդ տարեդարձի առթիվ․

«Պրոֆեսորադասախոսական կազմի սիրելի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ և բազմահազար շրջանավարտներ ինչպես գիտենք, Մարտի 1-ը, տասնամյակներ շարունակ, մեր՝ պոլիտեխնիկցիների համար նշանավորված է որպես Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման օր։

Պոլիտեխնիկական համալսարանը իր գոյությամբ, մեր երկրում լուսավորություն է սփռել՝ իր գիտամանկավարժական կադրերի պատրաստմամբ, երկրի տնտեսությունը համապատասխան ինժեներ-մասնագետների սնուցմամբ և իր նորարար տեխնոլոգիաների ու նոր արդյունքների շնորհիվ մեր երկրի ինժեներական դիմագծի ընդգծման առումով։ Պոլիտեխնիկական համալսարանը ունի մեծ պոտենցիալ, հարուստ պատմություն, կամք, տրամադրություն և էներգիա, որպեսզի վերոնշյալ լուսավորությունը կարողանա պահել և դրա շառավիղը ավելի մեծացնել։

Հարկ եմ համարում ընդգծել, որ ապագայի ձեռքբերումները և ներկայի հաջողությունները բացառապես կախված են Պոլիտեխնիկի աշխատակիցների անձնական նվիրումից,  ուսանողության բարձր առաջադիմությունից, պրոֆեսորադասախոսական կազմի ստեղծագործ աշխատանքից և շրջանավարտների ներգրավվածությունից։

Ինժեներական մտքի հզորությունից է կախված նաև մեր երկրի տեխնոլոգիական ապագան, հետևաբար յուրաքանչյուրս բարձր գիտակցմամբ աշխատում ենք հանուն մեր համալսարանի և ի շահ մեր հայրենիքի։ Արդեն մեկ տարի է ինչ համալսարանում նոր որակ է հաղորդվում գիտական ու միջազգային գործունեությանը։ Շուտով կհայտարարվի աննախադեպ ներբուհական գիտական դրամաշնորհի մասին, համալսարանի գիտական հանրույթը հնարավորություն կունենա նոր որակ հաղորդել այնպիսի գաղափարների, որոնք ունակ են արժեքներ ստեղծելու։ Մեր աշխատանքներն ուղղված են նաև միջազգային այնպիսի համագործակցությունների իրականացմանը, որոնք թույլ կտան համալսարանին համահունչ լինել միջազգային ինժեներական հաստատությունների հետ։ Կրթական նախագծերի իմաստով համալսարանը ձգտում է թարմացնել առկա հնարավորությունները և կրթական ծրագրերը։ Մենք նպատակ ունենք 90-ամյակը դիմավորել, թարմացված բովանդակությամբ և շարունակել մեր ուղղին նոր լիցքերով։

Տեխնոլոգիական կրթության և գիտության տունը այստեղ է, տեխնոլոգիական կրթության և նոր տեխնոլոգիաների մշակման, նոր գիտելիքների ձեռքբերման հասցեն գտնվում է Կորյուն և Տերյան փողոցների հատվող կետում և այն պետք է 90-ամյակին ընդառաջ հանրահռչակվի որպես տեխնոլոգիական կենտրոնատեղի։

Սիրելի ընկերներ,

սրտանց շնորհավորում եմ պոլիտեխնիկցիներին՝ բազմահազար շրջանավարտներին, ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական կազմին ու աշխատակիցներին գարնան առաջին օրվա և Պոլիտեխնիկի ծննդյան 89-րդ տարեդարձի առթիվ, մաղթում, որ մեր համալսարանի հաջորդ հոբելյանը՝ 90-ամյակը, դիմավորենք, այնպիսի համալսարանում, որի մասին խոսում ենք և որն արդեն երազանքից իրականություն դառնալու ճանապարհին է»։

 

Լրահոս

Դիտել ավելին