Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի դեպքերից անցել է 14 տարի

01 Մարտ, 2022 10:43
Մարտի 1-ի դեպքերից անցել է 14 տարի

2008 թվականին  Հայաստանում  տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում իրավիճակը սրվել էր:Բողոքի ակցիաներն ու հանրահավաքներ, որոնք սկսվել էին փետրվարի 19-ից հետո՝ ծանր հետևանք թողեցին հայ հասարակության վրա։

Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեցին տասնյակ   և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: 

Բողոքի ակցիաները սկսվեցին փետրվարի 20-ին՝ համախմբելով ընդդիմության շուրջ 25000 համակիրների։ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ բանակը դուրս չի գա ժողովուրդի դեմ՝ վկայակոչելով այն փաստը, որ ինքն աջակցություն է ստանում պաշտպանության երկու փոխնախարարներից։   Գագիկ Ջհանգիրյանը, ով այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ էր, դատապարտեց ընտրությունները՝ կոչ անելով ժողովրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել իր քվեները պաշտպանելու համար։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսնակն այնուհետև դիմեց նախագահի լիազորությունները դեռևս վայր չդրած Ռոբերտ Քոչարյաինին Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու կոչով՝ վկայակոչելով օրենսդրական այն պահանջը, որ դատախազներին արգելում է անդամակցել քաղաքական կուսակցությունների կամ որևէ այլ կերպ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։

Պաշտպանության նախարարությունը հերքեց Տեր-Պետրոսյանի պնդումն առ այն, որ երկու փոխնախարարները խոստացել են թույլ չտալ բանակի միջամտությունը բողոքի ցույցերին, սակայն Երկրապահ կամավորների միությունը շարունակում էր վիճարկել այդ հարցը։ Ցույցերը շարունակվում էին առանց պաշտոնական թույլտվության։ Ընդդիմությունը շարունակում էր պնդել, որ ընտրություններն անցկացվել են զանգվածային խախտումներով։ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը (Հ1) քննադատում էին բողոքի ցույցերն ամբողջապես չլուսաբանելու համար։

Փետրվարի 26-ին լուրեր տարածվեցին, որ հանրակրթակրթական դպրոցների տնօրեններն իշխող կուսակցությունից հրահանգ են ստացել մասնակցել նորընտիր նախագահի թիմակիցների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք ցույցին։ Առավոտյան արդեն արգելափակված էին էլեկտրոնային փոստեր սպասարկող մի շարք կայքեր (այդ թվում՝ Hotmail, Gmail և այլն): Նույն օրը ձերբակալվեցին Տեր-Պետրոսյանի մի շարք կողմնակիցներ, ովքեր վայելում էին հասարակական լայն ճանաչում։

Ըստ հաղորդվող տվյալների՝ իշխանամետ ճամբարի կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցել է շուրջ 100.000 մարդ։ Առաջին նախագահի պնդմամբ՝ իր հանրահավաքին մասնակցողների թիվը կրկնապատկվել էր, քանի Հանրապետականի հանրահավաքի շատ մասնակիցներ հեռացել են այնտեղից՝ ներկա գտնվելու իր կազմակերպած միջոցառմանը։ Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ օրն ակնարկեց, որ իր կառավարության համբերության բաժակը կարող է լցվել և կոչ արեց ցուցարարներին խելքի գալ։

Երկրում իրավիճակը լարված մնաց մինչև մարտի 1-ի առավոտյան ժամը 6.30-ը, երբ ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ժողովուրդի վրա։

Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ցուցարարներին ֆիզիկական բռնության ենթարկելու համար Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորքեր, քանի որ Երևանի ոստիկանությունը դժկամություն էր հայտնել նման գործողությունների դիմելու հրահանգին։ Ժամը 11.30-ի սահմաններում Ազատության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա, այնուհետև՝ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն շարժվեցին շուրջ 1000 խաղաղ ցուցարարներ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին