Կարևոր իրադարձություններ

Մեր քաղաքը միշտ փոխադարձում է այն ջերմությունն ու բարությունը, որն ինքներս ենք տալիս մեր սիրելի քաղաքին. Արմեն Սարգսյան

07 Հոկտեմբեր, 2015 20:45
Մեր քաղաքը միշտ փոխադարձում է այն ջերմությունն ու բարությունը, որն ինքներս ենք տալիս մեր սիրելի քաղաքին. Արմեն Սարգսյան

Եվս մի քանի օր ու մեր մայրաքաղաքը կտոնի իր ծննդյան 2797-ամյակը: Շենգավիթը մայրաքաղաքի ամենամեծ վարչական շրջաններից է՝ իր արդյունաբերական խոշոր ենթակառուցվածքներով, նաև ինքնատիպ կոլորիտով: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ հատկապես վերջին տարիներին շենգավիթցիներն ավելի մեծ ոգևովորությամբ են նախապատրաստվում ու տոնում քաղաքի օրը:

Հետաքրքիր է, թե Շենգավիթն ինչպե՞ս է տոնում մայրաքաղաքի ծննդյան օրը:

-Մեր վարչական շրջանի և, վստահ եմ, մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի համար «Էրեբունի-Երևան»-ը սպասված ու, թերևս, տարվա ամենակարևոր տոներից մեկն է: Անբացատրելի մի մղումով մարդիկ այդ օրը համախմբվում են, մի տեսակ ավելի ջերմ ու բարի են դառնում միմյանց նկատմամբ, ջերմ ու բարի՝ ինչպես մեր մայրաքաղաքը: Այդ օրը, առանց չափազանցության, տոնական մթնոլորտ է տիրում մեր շրջանի բոլոր փողոցներում, հրապարակներում, բոլոր բակերում: Բացի այդ, վարչական շրջանի մշակութային և մյուս հաստատությունները, իրենց անմիջական և ակտիվ մասնակցությունն են ունենում տոնական միջոցառումներին:

Ըստ Ձեզ, հատկապես ի՞նչն է, որ շենգավիթցիների համար ավելի հոգեհարազատ է դարձնում այս տոնը:

– Շատ պարզ է: Շենգավիթցիների աչքի առաջ օր օրի բարելավվում, ծաղկում ու շենանում է մեր քաղաքն ու վարչական շրջանը: Ամեն տարի ավելանում է բարեկարգված ու հիմնանորոգված փողոցների թիվը, ավելի շատ բակային տարածքներ են կահավորվում փոքրիկների և մեծահասակների հանգիստն ու ազատ ժամանակը հաճելի և հարմարավետ պայմաններում անցկացնելու համար: Շենգավիթցին լավատես է ու վստահ, որ քաղաքաշինական, սոցիալական և քաղաքապետարանի ու վարչական շրջանի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը շարունակական են լինելու: Այս տարվա տոնին մասնակցելու նպատակով մենք Երևան ենք հրավիրել նաև Հայաստանի և Արցախի մեր բարեկամ ու գործընկեր շրջաններից երեխաների, ում համար նույնպես ինքնատիպ տոնական ծրագիր է նախապատրաստվում:

Ի՞նչ կմաղթեք տոնի առիթով:

Մաղթանքս մեկն է մեզ բոլորիս. Եկեք անկեղծ սիրենք մեր քաղաքը, սիրենք ոչ թե տոնից տոն, կամ ինչ որ առիթներով, այլ սիրենք ամեն օր, սիրենք և գործով ապացուցենք այդ սերը ու հիշենք, որ մեր քաղաքը միշտ փոխադարձում է այն ջերմությունն ու բարությունը, որն ինքներս ենք տալիս մեր սիրելի քաղաքին:

 

Լրահոս

Դիտել ավելին