Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք. հարուցվել է քրեական գործ. ՊԵԿ

26 Հունվար, 2022 11:48
Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք. հարուցվել է քրեական գործ. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:

Մասնավորապես, օրերս  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:

 Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները: Հայտնաբերվել է 1328  հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներն, ի դեպ,  հայաստանյան շուկայում վաճառվում են  600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում:  Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել  նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Միաժամանակ հետաքննիչի կողմից նույն օրը որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։ 
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ Հայաստանի Հանրապետության տարածք: Նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու  օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար: 

Դեպքի առնչությամբ կատարված նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին